Մատչելիության հղումներ

«Տնտեսական ազատությունների մակարդակով Հայաստանը այլեւս տարածաշրջանի առաջատարը չէ»


«Տնտեսական ազատությունների մակարդակով Հայաստանը այլեւս տարածաշրջանի առաջատարը չէ», - փաստում է ամերիկյան Heritage հիմնադրամի եւ հեղինակավոր Wall Street Journal պարբերականի ամենամյա զեկույցը:

Եթե 2009 թվականին հրապարակված զեկույցի համաձայն` տնտեսական ազատությունների մակարդակով Հայաստանը աշխարհի 180 պետությունների թվում 31-րդն էր, ապա այս տարի նահանջել է 7 կետով` հայտնվելով 38-րդ տեղում:

Հարեւան Վրաստանը, որը նախորդ տարիներին միշտ զիջում էր Հայաստանին, այս մի հետազոտության համաձայն արդեն 26-րդն է:

Ամերիկացի վերլուծաբանների համոզմամբ` կոռուպցիան այն գլխավոր գործոնն է, որ խոչընդոտում է Հայաստանում բիզնեսի ազատ ծավալմանը: «Կոռուպցիան լայնորեն տարածված է բոլոր մակարդակներում եւ ոլորտներում: Կառավարական պաշտոնյաների կողմից կաշառքի պահանջները ընկալվում են որպես սովորական երեւույթ: Կառավարության հետ կապված գործարարները վերահսկում են Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ապրանքատեսակների ներկրումը», - գրում են զեկույցի հեղինակները:

Նրանց պնդմամբ` Հայաստանում տնտեսական ազատությունների ընդհանուր մակարդակի նվազման պատճառներից մեկը նաեւ սեփականության իրավունքի թույլ պաշտպանվածությունն է. - «Սեփականության իրավունքի պաշտպանության մակարդակով 2009 թվականին Հայաստանը աշխարհի 115 պետությունների թվում 98-րդ տեղում էր: Մտավոր սեփականության պաշտպանության մակարդակով Հայաստանը աշխարհում ամենացածր ցուցանիշն ուներ: Ստեղծված կացության պատճառներից մեկը դատական համակարգի թերզարգացած եւ կոռումպացված վիճակն է, ինչն էլ, իր հերթին, խոչընդոտում է կնքված գործարքների իրագործմանը»:

Հիմնադրամի մասնագետները նաեւ նշում են, որ Հայաստանի ֆինանսական շուկան դեռ բավական թույլ է: «Կապիտալի եւ ապահովագրության շուկաները վերջնականապես դեռ չեն ձեւավորվել: Տեղական բանկերը սահմանափակ արտաքին ազդեցություն ունեն, այդ իսկ պատճառով էլ համաշխարհային տնտեսական ճգնաժամը ցնցումների չհանգեցրեց», - ասված է զեկույցում:

Ամերիկացի փորձագետները քննադատել են նաեւ կառավարության կողմից սուբսիդավորմանն ուղղված քայլերը, նշելով, թե «կառավարական հատկացումների պատճառով հանրային տրանսպորտի, գազի եւ էլեկտրաէներգիայի իրական գները որոշակիորեն խեղաթյուրվել են»: Այդ իսկ պատճառով, զեկույցի հեղինակները որոշել են 10 կետով նվազեցնել Հայաստանի ցուցանիշը դրամա-ֆինանսական ազատությունների ոլորտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG