Մատչելիության հղումներ

Իրանը այժմ էլ հերքում է ամերիկուհու ձերբակալության մասին լուրը


Իրանը այսօր հերքել է ավելի վաղ այդ թվում իրանական աղբյուրների տարածած տեղեկատվությունը սահմանին ամերիկուհու ձերբակալության մասին:

«Ի սկզբանե նա չի էլ մտել Իրան: Հարցը կարգավորվել է սահմանային հսկողության մակարդակում», - «Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` իր ամենշաբաթյա ասուլիսում հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Ռամին Մեհմանփարասթը:

Իրանի սահմանապահ ծառայության պաշտոնյաները անցած շաբաթ հայտնել էին, թե Հայաստանին սահմանամերձ Նորդուզ բնակավայրում հունվարի 5-ին լրտեսության կասկածանքով ձերբակալվել է Միացյալ Նահանգների քաղաքացի 55-ամյա Հալ Թալայանը, ով իբր եկել էր Հայաստանից` առանց մուտքի արտոնագրի:

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը, սակայն, հայտարարեց, թե «նման անուն ազգանունով անձնավորություն Հայաստան մուտք չի գործել եւ հետեւապես ոչ էլ Հայաստանից դուրս է եկել»:

Երեկ էլ հաղորդագրություն տարածվեց, թե Իրանի սահմանապահ ծառայության աշխատակիցները ազատ են արձակել ամերիկուհուն:

Այս պատմության հետ կապված իրարամերժ տեղեկությունները մինչ օրս պաշտոնապես չմեկնաբանելու փաստը Մեհմանփարասթը պարզաբանել է դրանց «ոչ կարեւոր եւ ոչ նշանակալի» լինելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG