Մատչելիության հղումներ

Իրանի սահմանին ձերբակալված ամերիկուհին ազատ է արձակվել


Իրանի Սահմանապահ ծառայության աշխատակիցները, «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, ազատ են արձակել նախօրեին Իրանի սահմանին ձերբակալված արտասահմանցի կնոջը: Իրանական իշխանությունները նրան կասկածում էին լրտեսությամբ զբաղվելու մեջ:

Այս ձերբակալության մանրամասների՝ կնոջ անվան, տարիքի, եւ անգամ նրա ճակատագրի վերաբերյալ այս օրերին ստացվող տեղեկությունները բավական իրարամերժ էին եւ խճճված:

Ձերբակալված ամերիկուհու մասին տեղեկությունը հայտնի դարձավ հունվարի 6 -ին:
Իրանական կողմը հայտարարում էր, թե հայ–իրանական սահմանագծին մոտ գտնվող Նորդուզ բնակավայրում ձերբակալվել է 55-ամյա ամերիկուհի Հալ Թալայանը: Հաղորդումների համաձայն՝ նրան ձերբակալել էին հայ-իրանական սահմանը առանց մուտքի արտոնագրի հատելու փորձի համար: Բացի այդ` իրանական թերթերը հաղորդում էին, որ նրա մոտ հայտնաբերվել են լրտեսական սարքավորումներ, մասնավորապես` ատամի մեջ ամրացված տեսանկարահանող սարք:

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը, սակայն, հերքեց նման անուն ազգանունով ԱՄՆ-ի քաղաքացու` հայկական կողմից իրանական տարածք մուտք գործելու մասին տեղեկությունը:

Ուրբաթ օրը տեղեկությունը հերքեց նաեւ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը` հայտարարելով, որ իրենք չունեն տեղեկություն այն մասին, որ Իրանում ամերիկացի է ձերբակալվել, իսկ անձնագրերի եւ այլ փաստաթղթերի բազայի ուսումնասիրությամբ հնարավոր չի եղել հայտնաբերել Հալ Թալայան անուն ազգանունով ամերիկայի քաղաքացու:

Շաբաթ օրը Իրանի սահմանապահ ծառայության պետի տեղակալ Ահմեդ Գերավանդը փորձեց պարզություն մտցնել այս խառը պատմության մեջ` ասելով, որ ամերիկացի կնոջը իրենք ձերբակալել են Ադրբեջանի հետ սահմանակից Ջուլֆա քաղաքում, երբ նա իր տեսախցիկով նկարահանումներ էր կատարում, բայց նա արդեն լքել է Իրանի տարածքը՝ հավանաբար դեպի Հայաստան ուղեւորվելով:

Ամերիկյան պարբերականների փոխանցմամբ, սակայն, այն կինը, որի մասին խոսվում է այս օրերին, ոչ թե 55 տարեկան է, այլ՝ 34:

«Նրա անունը ոչ թե Հալ Թալայան է, այլ՝ Հալ Ֆայալան: Նա այժմ լքել է Իրանի տարածքը եւ անվտանգ վայրում է գտնվում՝ Ստամբուլում: Ամերիկյան հյուպատոսությունը նրա հետ կապ է հաստատել», - լրագրողների հետ հանդիպմանը կիրակի օրը այսպիսի մանրամասներ է փոխանցել ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները:

Մինչ 34-ամյա այս կնոջ հետ կապված պատմությունը, կարծես թե բարեհաջող ավարտ ունեցավ եւ նրան թույլատրեցին լքել Իրանի տարածքը, Իրանում լրտեսության կասկածանքով շարունակում են պահվել արդեն 1,5 տարի անազատության մեջ գտնվող 2 ամերիկացիներ: Նրանք նույնպես իրանական սահմանին են ձերբակալվել: Ամերիկացիները պնդում են, որ զբոսաշրջիկներ են, ճանապարհորդում էին Իրաքի տարածքով եւ Իրանի հետ սահմանը չեն հատել: Նրանք սպասում են փետրվարի սկզբին իրենց հարցով սպասվող դատական նիստին: Նրանց հետ ձերբակալված երրորդ ամերիկացին` Սառա Շուրդը, նախորդ տարվա սեպտեմբերին ազատ է արձակվել կես միլիոն դոլար գրավի դիմաց եւ վերադարձել է Միացյալ Նահանգներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG