Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական իր ուղերձն է հղել աշխարհասփյուռ համայն հայ ժողովրդին Ամանորի առիթով:
Ուղերձում ասվում է.
«Սիրելի հավատավոր ժողովուրդ ի Հայրենիս եւ ի Սփյուռս.
Հուսառատ հոգով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունն ենք բերում ամենքիդ եւ Հայրապետական Մեր սերն ու բարեմաղթանքները` հավատքով պայծառ, խինդով լեցուն, բարիքով առատ նոր տարվա։
Տարեմուտի այս երեկո գոհություն ենք հայտնում եւ փառք մատուցում Տիրոջը, որ եւս մեկ տարվա խաղաղ կյանքի պարգեւը շնորհեց Հայաստան եւ Արցախ հայրենի մեր երկրին եւ անխռով պահեց Սփյուռքի մեր համայնքները։ Փառք ենք մատուցում Տիրոջը, որ առիթներ ունեցանք ուրախանալու հայրենաշեն ու ազգանվեր գործերով, հաջողություններով ազգային եւ եկեղեցական մեր կյանքում։ Ազգս հայոց քաջարի ոգով աննվազ ջանք ու աշխատանք գործադրեց` հաստատուն պահելու իր ընթացքը դեպի շեն ու ծաղկուն երկիր կերտելու տեսիլքը, ջանք ու աշխատանք գործադրեց` դիմակայելու տնտեսական ընդհանուր ճգնաժամով, նաեւ մեր երկրի շրջափակումով պայմանավորված դժվարություններն ու մարտահրավերները։
2011 թվականին լրանում է 20-ամյակը մեր անկախ պետականության, որը նոր, հաղթական, ոսկեգիր էջն է մեր պատմության, լուսաշող նոր առավոտը` մեր ազգային զարթոնքի եւ մեր հոգեւոր կյանքի պայծառության։ Հավատքով, նորոգված հավատքով դիմավորենք նոր տարին, դիմավորենք կամքով ու վճռականությամբ, որ առավել ու առավել ջանքեր եւ հոգածություն պիտի բերենք ի սեր մեր Հայրենիքի ազատ ու վերածնվող կյանքի, մեր պետականության ամրության, ազգային մեր իղձերի մարմնավորման եւ մեր արդար դատի պաշտպանության։ Հայրապետական Մեր հորդորն ենք հղում ձեզ, սիրելի աշխարհասփյուռ զավակներ Մեր, ամրացնենք սերը մեր կյանքում, ապագայի հանդեպ հավատն ու վստահությունը, լավատեսության ոգին, եւ մեր ապավինությունը, որ ունենք առ Աստված։ Մեր հույսն ու հավատքը պիտի լուսավորեն նոր ուղիներն ու հորիզոնները մեր կյանքի։ Չտարակուսենք փոխել, ինչ որ անհրաժեշտ ենք գտնում փոխելու ի նպաստ մեր նպատակների մարմնավորման։
Չվարանենք պաշտպանել, զորակից ու սատար լինել այն ամենին, ինչը բարիք ու առաջընթաց կբերի մեր պետական ու հասարակական, ազգային ու հոգեւոր կյանքին։ Ամուր պահենք հայ ինքնությունը, որը արտահայտվում է ոչ միայն ազգային պատկանելությամբ, այլեւ` Հայրենիքի հանդեպ նվիրումով, մեր նախնյաց ժառանգության արժեւորումով, մեր ժողովրդի նկարագրի անբաժանելի մասը դարձած քրիստոնեական արժեքների հանդեպ հավատարմությամբ ու նախանձախնդրությամբ։
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, քիչ անց նոր տարվա գալուստով պիտի ղողանջեն Սուրբ Էջմիածնի եւ հայոց սուրբ եկեղեցիների զանգերը։ Մեր Տիրոջ Իջման Սուրբ Սեղանի առջեւ եկեղեցականների եւ հավատավոր մեր զավակների հետ նոր տարվա անդրանիկ մեր աղոթքը պիտի բարձրացնենք առ Աստված` հայցելով աշխարհին եւ Հայրենի մեր երկրին խաղաղություն ու բարօրություն, հայրենի իշխանություններին` շարունակական ձեռքբերումներ, ազգիս հայոց` առատ արգասիքներ, Հայոց բանակին` զորություն, հայ ընտանիքներին` ամրություն։ Ամենակարող Երկնավորից պիտի հայցենք զորակցություն կարոտյալ մեր զավակներին. վշտացյալներին` մխիթարություն, հիվանդներին` ապաքինություն, նեղության մեջ գտնվողներին` ապավինություն։
Թող Աստված` պարգեւատուն բարիքների, առատացնողն ու արդարացնողը հույսերի, ընդունի մեր աղոթքը եւ օրհնի ամենքիս ի Հայաստան, յԱրցախ եւ ի Սփյուռս` այսօր եւ միշտ եւ հավիտյան։
Շնորհավոր նոր տարի»։