Մատչելիության հղումներ

Բագրատ Ասատրյանը գնաճի համար մեղադրում է մենաշնորհ դիրք ունեցող ներկրողներին


Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյան
Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյան
Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի գնահատմամբ, այս տարի Հայաստանում արձանագրված բավականին բարձր գնաճի` գների բարձրացման, պատճառը մենաշնորհներն են:

«Թիվ մեկ պատճառը դա մեր տնտեսական համակարգն է եւ, մասնավորապես, այո՛, մենաշնորհները եւ իշխանությունների անկարողությունը` որեւէ խնդիր կարգավորել այս երկրում: Մենք ունենք մենաշնորհների, գների կարգավորման ինչ-որ հաստատություններ, բայց դրանց գործունեության արդյունավետությունը` չի էլ կարելի գնահատել: Փաստի արձանագրում եւ խղճուկ տուգանքները, որը կիրառվում է, լուծում չէ», - հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ասատրյանը:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն 2010 թվականի առաջին տասնմեկ ամիսներին Հայաստանում գնաճը կազմել է 8.1 տոկոս:

Կենտրոնական բանկի նախկին նախագահի ներկայացմամբ, այս տարի Հայաստանում գնաճը կհասնի մոտ 10 տոկոսի, ինչը 1997-ի ցուցանիշից հետո երկրորդ ամենավատ տվյալն է անցած 15-16 տարիների ընթացքում:

Ասատրյանի խոսքով` պետք է հաշվի առնել նաև այն, որ անցած տարվա դեկտեմբերի համեմատ դրամը արժեւորվել է` ԱՄՆ դոլարի, եվրոյի եւ ռուսական ռուբլու նկատմամբ (Կենտրոնական բանկի տվյալներով դրամը ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ արժեւորվել է 5.22 տոկոսով, եվրոյի նկատմամբ` 14.68, ռուսական ռուբլու նկատմամբ` 6.84 տոկոսով):

Կենտրոնական բանկի նախկին նախագահը ընդգծեց, որ պաշտոնյաները որպես գնաճի հիմնական գործոն նշում են միջազգային գների, մասնավորապես, հացահատիկի գների աճը: - «Բայց արի ու տես, որ այս պարագայում, կարծես թե, պետք է չեզոքացված լիներ այդ աճը: Հացահատիկի մեր շուկան ձեւավորում է իմպորտը (ներմուծումը) Ռուսաստանից եւ Եվրոպայից: Եթե դրամը ռուսական ռուբլու նկատմամբ արժեւորվել է ավելի քան 7 տոկոսով, եվրոյի նկատմամբ 15 տոկոսով, ապա ներկրվող հացահատիկի գնի աճը մեր երկրում պետք է լիներ ցածր», - հայտարարեց Բագրատ Ասատրյանը` եզրակացնելով. - «Եթե տարվա ընթացքում դրամը արժեւորվել է, իսկ գներն էլ աճել են, ապա պարզ է դառնում, որ Հայաստանում մոնոպոլ դիրքեր ունեցող ներկրողները ուղղակի գումար են աշխատել»:

Ըստ Ասատրյանի` Հայաստանի Կենտրոնական բանկը շարունակում է ներարկումներ իրականացնել արժութային շուկայում` դրամի փոխարժեքը պահելու համար: Նրա խոսքով` այս տարվա 10 ամիսներին Հայաստանի արտարժութային պահուստները նվազել են շուրջ 160 միլիոն դոլարով, ինչը համընկնում է Կենտրոնական բանկի տվյալի հետ` 161.6 միլիոն դոլար:

Խոսելով այս տարվա առաջին 11 ամիսներին Հայաստանում գրանցված 2.6 տոկոս տնտեսական աճի մասին` Բագրատ Ասատրյանն ասաց, թե պետք է ի նկատի ունենալ, որ անցած տարին Հայաստանը փակել է 14.4 տոկոս տնտեսական անկմամբ:

«Մենք կարող ենք ասել ենք, որ վերջին 2 տարիների ընթացքում անկումը մեր տնտեսությունում կազմել է ընդամենը երկնիշ թիվ` շուրջ 12 տոկոս», - ասաց Ասատրյանը:

Ըստ նրա` առկա տնտեսական աճն էլ առաջին հերթին բացատրվում է արդյունաբերության աճով, որը սակայն պայմանավորված է պղնձի միջազգային` աննախադեպ բարձր գնով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG