Մատչելիության հղումներ

Ավարտվեց «Լեզվի մասին» վիճահարույց օրենսդրական փաթեթի քննարկումը


Ազգային ժողովը երեքշաբթի օրը շարունակեց «Լեզվի» եւ «Հանրակրթության մասին» վիճահարույց օրենքներում փոփոխությունների եւ լրացումների քննարկումը:

Այս օրենքներում փոփոխություններին ընդդիմացող պատգամավորների գնահատմամբ` կառավարությունը պարզապես դիմել է խորամանկ քայլի` «Լեզվի մասին» օրենքում լրացում է կատարել, իսկ հանրակրթության ոլորտում միջազգային կրթական ծրագրերի իրականացման առանձնահատկությունները սահմանվում են «Հանրակրթության մասին» օրենքով:

«Մեղմ ասած խորամանկություն արվեց, լեզվի հետ կապված խնդիրները տեղափոխվեցին «Հանրակրթության մասին» օրենքի մեջ, եւ միայն մեկ հղում արվեց «Լեզվի մասին» օրենքում: Այդպես կարելի է ցանկացած հարց լուծել», - ասաց անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը:

Պատգամավոր Արծվիկ Մինասյանի (ՀՅԴ) գնահատմամբ` այս փաթեթով ճանապարհ է բացվում նաեւ լեզվի ոլորտում «աղանդավորության» մուտքին:

«Իսկ սա արդեն ազգային անվտանգության խնդիր է», - հայտարարեց Մինասյանը եւ առաջարկեց Կառավարությանը վերանայել մոտեցումներն ու հրաժարվել «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու գաղափարից:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ են խորամանկ քայլի դիմել, մանավանդ, որ խոստացվել էր «Լեզվի մասին» օրենքը չփոփոխել, ասաց. - «Ինչպես որ խոստացվեց, այնպես էլ արվել է: «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն չի արվում, արվում է լրացում: Օրենքը իր մեջ ազգային անվտանգության, ազգային ինքնության, հայոց լեզվի պահպանման, զարգացման, ազգային դպրոցի կայացման որեւէ վտանգ չի պարունակում»:

ԿԳ նախարարը, իր խոսքը ուղղելով այս օրինագծերին ընդդիմացող որոշ պատգամավորների, նաեւ նկատեց. - «Հավեսով կգովեին այս օրենքը երկու տարի առաջ»:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ իր ելույթում ընդգծեց, որ մի քանի ամիս առաջ անցկացված խորհրդարանական լսումների ժամանակ իր ներկայացրած բոլոր առաջարկությունները ներառվել են օրենսդրական փաթեթում, ինչն իրավական առումով անխոցելի է դարձրել փաթեթը:

«Համոզված եմ, որ օրենքն ընդունելով, մենք մի կողմից պահպանելով մեր ազգային նկաարագիրը, զարգացնելով մեր լեզուն, կխուսափենք հերթական ձուլման ու օտարացման ռիսկերից, մյուս կողմից կրթության կազմակերպման հարցում կլինենք ավելի ճկուն», - ասաց ԱԺ նախագահը:

Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում կառավարության ներկայացրած օրակարգը սպառվեց, որոշ բացառություններով քննարկվեցին բոլոր օրինագծերը, վաղը կավարտվեն քվեարկությունները, կքվեարկվի եւ հավանաբար ամբողջությամբ կընդունվի նաեւ «Լեզվի» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններն ու լրացումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG