Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու համար


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից գնդակոծել են ղարաբաղյան ուժերի առաջապահ դիրքերը:

Երկուշաբթի օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Էլդար Սաբիրօղլուն, ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, հայտարարել էր, որ դեկտեմբերի 17-ին Թալիշ գյուղի ուղղությամբ տեղակայված ղարաբաղյան ստորաբաժանումների կողմից արձակված ականը ընկել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Բորսունլու բնակավայրի մոտակայքում:

Սաբիրօղլուն հայկական կողմին մեղադրել է հրադադարի մասին ձեռք բերված պարտավորությունները չհարգելու մեջ:

ԼՂ Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը հերքել է ադրբեջանական կողմի տարածած այս տեղեկատվությունը:

«Դա ադրբեջանական պրոպագանդայի հերթական սադրանքն է, որն այլ նպատակ չի հետապնդում, քան միջազգային հանրության շրջանում Պաշտպանության բանակը ներկայացնել նախահարձակի դերում», - երկուշաբթի օրը հայտարարել է ԼՂ Պաշտպանության բանակի Լրատվության եւ քարոզչության բաժնի պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը ու հավելել. - «Իսկ ինչ վերաբերում է Թերթերի շրջանի Բորսունլու գյուղի մերձակայքում արձանագրված պայթյուններին, ապա ըստ մեր հետախուզության տվյալների, դրանք ոչ թե հրետակոծության, այլ ադրբեջանական բանակի մերձսահմանային գոտում տեղակայված զինապահեստներից մեկում տեղի ունեցած արտակարգ միջադեպի արդյունք էին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG