Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն բոյկոտեց խորհրդարանի արտահերթ նստաշրջանը


Ընդդիմադիր ՀՅԴ խմբակցությունը երեքշաբթի օրը բոյկոտեց մեկ օր առաջ մեկնարկած Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը:

Ընդդիմադիր պատգամավորները արդեն դեկտեմբերի 13-ին էին արտահայտել իրենց մտահոգություններն ու դժգոհությունները արտահերթ նստաշրջանի անցկացման հատուկ ընթացակարգի, օրակարգում ընդգրկված լրջագույն օրինագծերը «հապշտապ քննարկելու եւ ընդունելու» կառավարության որդեգրած գործելաոճի առնչությամբ:

Երեքշաբթի օրը հենց նիստի սկզբից ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց. - «Սա առաջին դեպքը չէ, երբ նոր տարվա շեմին նստաշրջանի ավարտից հետո հսկայական քանակությամբ, այս անգամ մեր հաշվարկով 140 օրենք կառավարությունը բերել եւ դեմ է տվել Ազգային ժողովին ընդունելու համար: Այսինքն, այն, ինչ տարվա ընթացքում պիտի անեին, փորձում են «սղղացնել» հիմա: Մենք այս ոճը չենք ընդունում»:

Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ն չի մասնակցելու օրինագծերի քննարկմանը եւ քվեարկությանը, քանի որ ներկայացված օրինագծերի առաջին, երկրորդ, որոշ դեպքերում նաեւ երրորդ ընթերցումների միջեւ այնքան կարճ ժամանակ է տրված, որ ո'չ պատգամավորները կհասցնեն առաջարկներ ներկայացնել, ո'չ էլ կառավարությունը կհասցնի դրանք ուսումնասիրել եւ կարծիք հայտնել: Նրա խոսքով` սա Ազգային ժողովը չհարգելու դրսեւորում է:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, կիսելով Հովհաննիսյանի մտահոգությունները, նախ ընդգծեց, որ թույլ չի տա որեւէ ինստիտուտի ոտնձգություն ցուցաբերել խորհրդարանի նկատմամբ: Նա նաեւ համաձայնեց, որ օրակարգում կան ընդգրկված այնպիսի օրինագծեր, որոնք պետք է երեք ընթերցմամբ ընդունվեն:

«Մենք վարչապետի հետ խոսել ենք, քննարկել ենք եւ մի քանի օրենքի մասին եկել ենք համաձայնության, որ մեկ ընթերցում ենք անելու: Եվ ես ուզում եմ եւս մեկ անգամ հանձնաժողովի նախագահներին հորդորել` եթե այդ օրենքների հետ կապված կան հնարավորություններ կառավարության համապատասխան ներկայացուցչի հետ քննարկել, գալ ընդհանուր հայտարարի` որտեղ որ տեսնում են մտահոգություններ, քննարկենք եւ առաջարկենք, որպեսզի այդ օրենքներին անդրադառնանք եկող տարի», - ասաց Ազգային ժողովի նախագահը:

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը, օգտվելով օրենքով ընձեռված հնարավորությունից, հարցը քննարկելու համար երեք անգամ 20 րոպե ընդմիջում խնդրեց:

«ժառանգություն»-ը անընդունելի է համարում արագացված ընթացակարգով քննարկել եւ ընդունել այնպիսի օրինագծեր, ինչպիսիք են լեզվի եւ հանրակրթության մասին օրենքներում, ընդերքի օգտագործման, կուտակային կենսաթոշակի մասին օրենքներում փոփոխություններն ու լրացումները: Նրանք առաջարկեցին այս եւ մի շարք այլ «լրջագույն օրինագծերի» քննարկումները թողնել հաջորդ տարվան:

Առաջարկությունը չընդունվեց, սակայն «Ժառանգություն»-ը չմիացավ Դաշնակցության բոյկոտին: Խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը դա հիմնավորեց այն փաստով, որ իրենց բոյկոտը չի ազդի «խորհրդարանական մեծամասնության սրտերի եւ հոգիների վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG