Մատչելիության հղումներ

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդիրը կլուծվի լեհական ընկերության օգնությամբ


Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդիրը նախատեսվում է լուծել Լեհաստանի «Էկոտեխ» ընկերության հետ համատեղ, որը խոշորագույնն է Եվրամիության տարածքում վտանգավոր նյութերի վերամշակման, թունաքիմիկատների եւ պեստիցիդների ոչնչացման ոլորտում:

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի` նոյեմբերի սկզբին Լեհաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում եռօրյա այցով Հայաստանում է հիշյալ ընկերության նախագահ Դոմինիկ Վոեւուդկայի գլխավորած պատվիրակությունը:

Այսօր պատվիրակության հետ Արթուր Բաղդասարյանի հանդիպման ժամանակ քննարկվել են Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վնասազերծման եւ Հայաստաննում առկա նմանատիպ մյուս խնդիրների լուծմանն առնչվող հարցեր:

Վոեւուդկան ներկայացրել է իր ղեկավարած ընկերության հնարավորություններն ու փորձը նման խնդիրների լուծման գործում եւ մատնանշել, որ վտանգավոր գոյացությունները հրատապ չոչնչացնելը դրանց տարածվելու լուրջ վտանգ է պարունակում:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` պայմանավորվածություն է ձեռք բերվել «Էկոտեխ» ընկերության եւ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության միջեւ համագործակցության հուշագիր ստորագրել, որին կհետեւեն կարճ ժամկետներում թունաքիմիկատների գերեզմանոցների վնասազերծման աշխատանքները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG