Մատչելիության հղումներ

Մանեժնայա հրապարակում անկարգություններից տուժածների թվում երկու հայ պատանիներ կան


Մոսկվա, Մանեժնայա հրապարակ, 11-ը դեկտեմբերի, 2010թ.
Մոսկվա, Մանեժնայա հրապարակ, 11-ը դեկտեմբերի, 2010թ.
Անցած շաբաթ օրը Մոսկվայի Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում տուժել են հայազգի երկու 15-ամյա պատանիներ:

Գագիկը եւ Ռուբենը համադասարանցիներ են եւ երկու ռուս պատանիների, ադրբեջանցի եւ վրացի ընկերների հետ միասին դեկտեմբերի 11-ին Մանեժնայա հրապարակում գտնվող սրճարաններից մեկում նշում էին Գագիկի ծննդյան օրը, եւ երբ դուրս են եկել սրճարանից, նրանց վրա անմիջապես հարձակվել է շուրջ 100-հոգանոց մի ամբոխ: Պատանիներին փրկել են ոստիկանները, նրանք ստիպված են եղել ամբոխից թաքնվել շտապօգնության մեքենայի տակ. այդ կադրերը կան ե'ւ YouTube-ում, ե'ւ Ռուսաստանի դաշնային հեռուստաընկերություններն են դրանք ցուցադրել:

Գագիկի ռուս ընկերները փորձել են օգնել իրենց դասընկերներին, եւ ամբոխը հարձակվել է նաեւ սլավոնական արտաքին ունեցող այդ տղաների վրա:

Հայ պատանիները չեն ուզում նշել իրենց ազգանունները` անվտանգության նկատառումների ելնելով: Ե'վ Ռուբենը, ե'ւ Գագիկը տանն են. Գագիկի վիճակը միջին ծանրության է` նա ունի վնասվածքներ եւ մի քանի շաբաթ կանցկացնի անկողնում: Առավել ծանր է նրանց ադրբեջանցի ընկերոջ վիճակը, ում մեջքից դանակահարել են:

Ռուսաստանյան աղբյուրները հաղորդում են, որ հնարավոր է` չորեքշաբթի օրը արդեն կրկնվեն դեկտեմբերի 11-ի անկարգությունները, մասնավորապես` կա տեղեկություն, որ կովկասցիները ծրագրում են հավաք կազմակերպել Մոսկվայի կենտրոնական հրապարակներից մեկում: Շրջանառվում են լուրեր, թե Մոսկվա են ժամանում ռադիկալ երիտասարդներ կովկասյան հանրապետություններից:

Համայնքային կազմակերպությունները, մինչդեռ, կոչ են անում դուրս չգալ նման հավաքների: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լեւոն Մոկացյանը` հավելելով, որ կատարվածի մեջ մեղավոր են նաեւ պետական կառույցները, օրինակ` նույն այն կառույցները, որոնք ազգայնամոլներին թույլ էին տալիս անցկացնել տարբեր միջոցառումներ:

«Ռուսաստանը` ռուսներին, Մոսկվան` մոսկվացիներին», «Մահ խաչիկներին» կարգախոսներով մոտ 10 հազար ազգայնականներ շաբաթ երեկոյան դուրս էին եկել Կրեմլին հարող Մանեժնայա հրապարակ: Ազգայնականները այս բողոքի ակցիան նախաձեռնեցին այն բանից հետո, երբ կովկասցիների հետ ծեծկռտուքի ժամանակ զոհվեց «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներից մեկը: Ի դեպ, զոհվածի ընկերը, ով նույնպես տուժել էր այդ կռվում, ազգությամբ հայ Սերգեյ Գասպարյանն է:

Պաշտոնական տվյալներով` Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել 32 մարդ:

Հարկ է հավելել, որ անկարգությունները շարունակվել են Մոսկվայի մետրո տարբեր կայարաններում, երեկ եւ այսօր արձանագրվել են կովկասցիների եւ ասիացիների վրա հարձակումներ, որոնց հետեւանքով առնվազն երկու մարդ զոհվել է (նրանցից մեկը Ղրղըզստանի քաղաքացի է):

Նման հավաքներ անցել են նաեւ ոչ միայն Մոսկվայում, այլեւ Սանկտ Պետերբուրգում եւ Ռոստովում:

«Ռուսաստանյան հասարակությունը հղի է ֆաշիզմով, եւ այս համատարած երեւույթի դեմ պետք է պայքարել», - ասել է քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG