Մատչելիության հղումներ

«Մանեժնայա հրապարակում տեղի ունեցածը ազգայնականների վերջին պոռթկումը չէ»


Մոսկվա, Մանեժնայա հրապարակ, 11-ը դեկտեմբերի, 2010թ.
Մոսկվա, Մանեժնայա հրապարակ, 11-ը դեկտեմբերի, 2010թ.
«Ռուսաստանը` ռուսներին, Մոսկվան` մոսկվացիներին», «Մահ խաչիկներին». - նման կարգախոսներով էին մոտ 10 հազար ռուս ազգայնականներ շաբաթ երեկոյան դուրս եկել Կրեմլի հարեւանությամբ գտնվող Մանեժնայա հրապարակ:

Ազգայնականներն այս բողոքի ակցիան նախաձեռնեցին այն բանից հետո, երբ կովկասցիների հետ ծեծկռտուքի ժամանակ զոհվեց «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներից մեկը: Ազգայնականները, սակայն, ֆուտբոլային ֆանատի մահվան մասին մոռացան շատ արագորեն` իրենց հարձակումների թիրախ ընտրելով այդ պահին Մոսկվայի կենտրոնում հայտնված կովկասցիներին: Ոստիկանությունը ստիպված եղավ արցունքաբեր գազ եւ մահակներ կիրառել, այն էլ` զգալի ուշացումով, երբ պարզ դարձավ, որ խոսքը ոչ թե տեղային ընդհարումների, այլ հստակորեն ծրագրված լայնամասշտաբ գործողության մասին է:

«Պետք չէ զարմանալ, որ ֆուտբոլային ակումբների ակտիվ երկրպագուներն ի վերջո համալրում են ծայրահեղ ազգայնական խմբավորումների շարքերը», - նշում է ազգայնականների մասին պատմող «Ռուսաստան 88» վավերագրական ֆիլմի հեղինակ Պավել Բարդինը, ով այս թեմային առավել քաջածանոթ մոսկվացի փորձագետներից է համարվում:

«Հիշենք թեկուզ Հիտլերի ծննդյան օրը «Սպարտակ»-ի երկրպագուների կողմից մարզադաշտ բերված պաստառը, որի վրա գրված էր` «Ծնունդդ շնորհավոր, պապիկ»: Փառք Աստծո, մոտ երեք տարի առաջ մոսկովյան միլիցիան վերջապես ընդունեց ծայրահեղ աջերի գոյությունը ֆուտբոլային ֆանատների շրջանում: Այս բախումները գոնե ինձ համար անակնկալ չէին, անակնկալն այն էր, որ միլիցիան պատրաստ չէր այս ամենին», - նշում է Բարդինը:

Նրա խոսքով` այսօր ռուսաստանյան իշխանությունները լրջորեն մտահոգված են ազգայնականների ակտիվացմամբ: «Վերջին շրջանում միանգամից մի քանի ուժային կառույցներում հատուկ ստորաբաժանումներ են ստեղծվել, որոնց գլխավոր նպատակը ռուս ազգայնականության դեմ պայքարն է», - ասում է Բարդինը:

Չնայած դրան, Մանեժնայա հրապարակի իրադարձությունները, ըստ փորձագետի, վկայում են, որ պետության կողմից իրականացվող գործողությունները որեւէ լուրջ արդյունքի դեռեւս չեն հանգեցրել:

«Իշխանությունը վախենում է ծայրահեղ աջերից: Դա լուրջ քաղաքական ուժ է, որի պարագլուխները ցանկանում են այսպես կոչված «սպիտակ հեղափոխություն» կազմակերպել: Մի քանի օր առաջ ազգայնականներն արդեն իսկ փողոց էին դուրս եկել, սակայն իշխանությունը վախեցավ նրանց ցրելուց, եւ ազգայնականները զգացին իրենց ուժը: Այն, ինչ տեղի ունեցավ Մանեժնայա հրապարակում, ազգայնականների ակտիվության վերջին պոռթկումը չէ: Ցավոք սրտի, լինելու են նոր գործողություններ», - համոզված է Պավել Բարդինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG