Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյան. «Կարեւոր քայլ ենք ձեռնարկում` չեզոքացնելու ռազմական սպառնալիքները»


«Այս ծրագրի հաստատմամբ մենք կարեւոր քայլ ենք ձեռնարկում` չեզոքացնելու Հայաստանի անվտանգությանն առնչվող հնարավոր բոլոր ռազմական սպառնալիքները», - հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանը, այսօր խոսելով ԱԱԽ-ի շաբաթ օրվա նիստում հավանության արժանացած` սպառազինության եւ ռազմական տեխնիկայի 2011-2015 թվականների զարգացման պետական ծրագրի մասին:

Տեղեկացնելով, որ ծրագիրը գործողության մեջ կդրվի Հայաստանի նախագահի հրամանագրով, Բաղդասարյանը ասել է. - «Փաստաթղթի ընդունմամբ մեր երկրում ներդրվում է սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի միջնաժամկետ եւ երկարաժամկետ զարգացման հստակ տեսլական. ծրագրի շրջանակում անհրաժեշտության դեպքում կարդիականացվեն առկա սպառազինություններն ու ռազմական տեխնիկան, ինչն էական նշանակություն ունի մեր զինված ուժերի մարտունակությունն ավելի բարձրացնելու առումով: Ծրագրի հաստատմամբ Հայաստանում նաեւ զարկ կտրվի ռազմական արդյունաբերության զարգացմանը: Երեւանում ստորագրված «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության մասին» պայմանագրի հիման վրա կստեղծվեն համատեղ ձեռնարկություններ, ինչը հնարավորություն կտա մի կողմից` զարգացնել Հայաստանի ռազմաարդյունաբերությունը, մյուս կողմից` խթանել մեր երկրում նոր աշխատատեղերի ստեղծումը եւ ռազմական ոլորտում համագործակցության խորացումը Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի անդամ մյուս երկրների հետ»:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակի փոխանցմամբ, Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է նաեւ, որ Մոսկվայում դեկտեմբերի 10-ին կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովում որոշում է կայացվել 2011 թվականի հոկտեմբերին ՀԱՊԿ-ի արագ արձագանքման ստորաբաժանումների զորավարժություններն անցկացնել Հայաստանում: Շուրջ 20 հազարանոց զորախմբում ներգրավված են ՀԱՊԿ-ի անդամ երկրների զինված ուժերի, ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները: Կմշակվի ՀԱՊԿ-ի շրջանակում այդ ստորաբաժանումներն անհրաժեշտ սպառազինություններով եւ հանդերձանքով ապահովելու հատուկ միջպետական նպատակային ծրագիր:

«ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ կատարվեցին համապատասխան փոփոխություններ, ինչը հնարավորություն կտա հեշտացնել ՀԱՊԿ-ի անդամ երկրների շրջանակում սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերումն արտոնյալ պայմաններով: ՀԱՊԿ-ի կանոնադրությամբ արձանագրվեց, որ ՀԱՊԿ-ի անդամ որեւէ երկրի դեմ ռազմական սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ-ի անդամ երկրները պետք է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեն տվյալ երկրին», - ասել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը` ներկայացնելով մոսկովյան գագաթնաժողովի արդյունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG