Մատչելիության հղումներ

Օմբուդսմենի համոզմամբ, Հայաստանում «10 հոգուց 9-ը իրենց պաշտպանված չեն զգում»


Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանը:
Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանը:

«Հայաստանում մարդու իրավունքները բավարար մակարդակով պաշտպանված չեն», - Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երեւանի թիվ 83 ավագ դպրոցում մարդու իրավունքների եւ հանդուրժողականության վերաբերյալ բաց դաս անցկացնելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց օմբուդսմեն Արմեն Հարությունյանը:

Նշելով, որ գնահատման չափանիշը շարքային քաղաքացուն հարցնելն է, թե արդյոք իրեն պաշտպանված է զգում պետական հաստատությունների հետ շփվելիս` Հարությունյանը ասաց. - «Իհարկե, համոզված եմ, որ 10 հոգուց 9-ը կասեն, որ իրենք իրենց պաշտպանված չեն զգում»:

Իրավունքների խախտման վերաբերյալ ՀՀ օմբուդսմենը տարեկան շուրջ 5 հազար դիմում-բողոք է ստանում։ Հասարակությունն այսօր առավել շատ բողոքում է դատական համակարգից, Երեւանի քաղաքապետարանից, Ոստիկանությունից:

Այսօրվա իրավիճակը, սակայն, ըստ օմբուդսմենի չի կարելի համեմատել 4-5 տարի առաջ եղած իրավիճակի հետ։ Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Արմեն Հարությունյանը դրական զարգացման միտում է նկատում:

«1995 թվականի Սահմանադրությունից սկսած` մեր երկիրը տարվեց միակենտրոն, հիերարխիկ, ազատ կամքը ճնշելու ճանապարհով, եւ այդպես էլ եղավ` հասարակության մեջ դեֆորմացիաներ տեղի ունեցան: Եվ այսօր առաջին քայլերը տեսնում ենք, որ փորձ է արվում այդ արմատավորված պրակտիկայից հեռանալ», - նշեց նա:

Մինչդեռ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր համոզմունք հայտնեց, թե մեր երկրում որպես մշակութային արժեք տիրապետող դեր ունի բռնությունը, չկա այդպիսի մի իրավունք, որ մեր երկրում պաշտպանված լինի, մարդու իրավունքների նկատմամբ չկա հարգանք, մարդու արժանապատվությունը հավասարված է զրոյի:

«Երկրում, որտեղ կան քաղբանտարկյալներ, որտեղ մարդուն սպանում են ոստիկանության բաժանմունքում, որտեղ Զինված ուժերում մարդիկ սպանվում են, եւ պատասխանատուները չեն բացահայտվում, որտեղ երեխան դպրոցում մահանում է, եւ քրեական գործ չեն հարուցում, որտեղ խոսքի ազատությունն է ճնշվում` Նիկոլ Փաշինյանի դեպքը, «Ա1+»-ի դեպքը, բռնությունների վերաբերյալ բազմաթիվ հաղորդումները մնում են չբացահայտված եւ կոծկվում են հանցագործությունները, այդ երկրում, ցավոք սրտի, պետք է ասել` սա բռնատիրական երկիր է, որովհետեւ բռնությունը որպես մշակութային արժեք ունի տիրապետող դեր թե' իշխանությունների վարքագծում, թե' հասարակական հարաբերություններում: Եվ դրա դեմը չի առնվում», - փաստարկեց Սաքունցը:

(Ձախից աջ) ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Ռուստամ Մախմուդյանը, իրավապաշտպաններ Էդմոն Մարուքյանը եւ Արթուր Սաքունցը լրագրողների հետ հանդիպմանը:
Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված ասուլիսում այսօր իրավապաշտպաններն անդրադարձան նաեւ Երեւանի քաղաքապետի հրաժարականին, նրա կողմից նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին ծեծի ենթարկելուն եւ փաստի առթիվ գործ չհարուցելուն:

«Փաստորեն, մեր երկրում մարդը պաշտպանված կարող է լինել միայն, եթե նա աշխատում է նախագահի աշխատակազմում,- ընդգծեց Արթուր Սաքունցը:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Ռուստամ Մախմուդյանը հավելեց, թե օմբուդսմենի գրասենյակը չի խրախուսում եւ չի պաշտպանվում պաշտոնյա անձի կողմից կատարված ոտնձգության համար պատասխանատվության չենթարկելը:

Իրավապաշտպան Էդմոն Մարուքյանն էլ ընդգծեց, թե մյուս բոլոր շարքային քաղաքացիների պես քաղաքապետի պատիժը ոչ թե պետք է լիներ նրան պաշտոնազրկելը, այլ քրեական պատասխանատվության ենթարկելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG