Մատչելիության հղումներ

Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան - ԵՄ համագործակցության խորհրդի նիստը


Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 11-րդ նիստը, որին մասնակցել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը:

Եվրամիության պատվիրակությունը գլխավորել են 2011 թվականին ԵՄ-ի նախագահությունը ստանձնող Հունգարիայի արտաքին հարաբերությունների պետնախարար Ժոլտ Նեմեթը եւ Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Խորհրդի նիստում Էդվարդ Նալբանդյանը ասել է, որ Եվրամիության հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից է, եւ հայկական կողմը շարունակելու է նպատակաուղղված քաղաքականությունը հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` մանրամասն անդրադարձ է կատարվել եւ երկուստեք գոհունակություն է արտահայտվել Արեւելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցությունների հաջող ընթացքի կապակցությամբ, միաժամանակ նշվել է, որ ծրագիրը ընդլայնման զգալի ներուժ է պարունակում:

Մտքեր են փոխանակվել նաեւ քաղաքական երկխոսության ակտիվացման, այս տարվա հուլիսին մեկնարկած Ասոցիացման համաձայնագրի կնքման շուրջ ընթացող բանակցությունների, Ազատ առեւտրի խորացված եւ համապարփակ համաձայնագրի գոտու ստեղծման, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացի շուրջ:

Երկուստեք նշվել է Հայաստանի եւ Եվրամիության քաղաքացիների տեղաշարժի հեշտացման կարեւորությունը եւ ընդգծվել, որ արդեն անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման բանակցությունների մեկնարկի համար:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Ղարաբաղյան բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Ժոլտ Նեմեթը նշել է, որ Եվրամիությունը սատարում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ գործընթացը: Շտեֆան Ֆյուլեն, իր հերթին, ընդգծել է, որ շփման գծում լարվածությունը սրող միջադեպերն անընդունելի են: Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները նշել են, որ Եվրոպական միությունը ողջունում է Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Աստանայի հնգակողմ հայտարարությունը:

Հայ - թուրքական հարաբերությունների առումով եվրոպական կողմը վերահաստատել է իր դիրքորոշումը անցյալ տարի Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների առանց նախապայմանների վավերացման եւ իրագործման անհրաժեշտության վերաբերյալ:

Խորհրդի նիստին նախորդել է Էդվարդ Նալբանդյանի եւ Շտեֆան Ֆյուլեի առանձնազրույցը, իսկ նիստի ավարտին նրանք հանդես են եկել համատեղ ճեպազրույցով:

Երեքշաբթի առավոտյան Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Եվրամիությունում նախագահող Բելգիայի արտգործնախարար Սթիվեն Վանակերեի հետ:

Բրյուսելից Էդվարդ Նալբանդյանը ուղեւորվել է Մոսկվա, որտեղ տեղի են ունենալու ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի արտգործնախարարների խորհուրդների նիստերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG