Մատչելիության հղումներ

Պատգամավորները քննադատում են «Մարտի 1»-ի հանձնաժողովի առաջարկների մշտադիտարկման զեկույցը


Երեւան, 1-ը մարտի, 2008թ.
Երեւան, 1-ը մարտի, 2008թ.
Ազգային ժողովում երկուշաբթի օրը ավարտվեց 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրած խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների կատարման մշտադիտարկման վերաբերյալ զեկույցի քննարկումը:

Մշտադիտարկումը իրականացնող` պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, թե պատրաստ է ընդունել գործընկերների առաջարկները:

«Կան հարցեր, որտեղ մենք ակնկալում ենք նաեւ Ազգային ժողովի արձագանքը», - ասաց նա:

Խորհրդարանին առաջին անգամ է ներկայացվում մշտադիտարկման վերաբերյալ զեկույց: Նախորդ քառօրյայում ներկայացված փաստաթուղթը բավականին ծավալուն է, 100 էջից ավելի շարադրանքում գլխավոր հարցի` մարտի 1-2-ի սպանությունների համար մեղավորներին պատժելու առնչությամբ շարադրված է հանձնաժողովի հարցադրումը եւ Հատուկ քննչական ծառայության պատասխանը, թե նախաքննությունը շարունակվում է:

Փաստաթղթի կապակցությամբ իր գնահատականը ներկայացրեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը` հայտարարելով, թե անիմաստ է համարում զեկույցը, քանի որ «Մարտի 1»-ի հետեւանքները չեն վերացել, իսկ պատճառները չեն ճշտվել:

«Պետությունը պատշաճ իրավական-քաղաքական գնահատական չի տվել թե' դրա պատճառներին, թե' դրա կատարողներին: Եվ եթե մենք չգիտենք այս ամբողջ հարցերի պատասխանները, եթե հանրապետության երեք նախագահները` որպես այս գործընթացում կարեւորագույն դերակատարներ, հարցաքննված չեն, եթե 10 սպանությունները բացահայտված չեն, գործերն էլ կարճված չեն` ի՞նչն ենք մոնիտորինգ անում, ի՞նչ «Մարտի 1»-ի պատճառների վերացման մասին է խոսքը», - ընդգծեց Սաֆարյանը:

«Մենք պետք է մարդասպաններին նստացնենք բերդ եւ ազատ արձակենք նրանց, ովքեր այսօր, այո` քաղբանտարկյալներն են», - հավելեց նույն խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

Դաշնակցություն խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը «խաբկանք» որակեց պետաիրավական հանձնաժողովի անցկացրած մշտադիտարկումը:

«Ես համոզված եմ, լինելով նաեւ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի կազմում, այն դրական ձեռքբերումները, ինչ այդ հանձնաժողովը արել է, այսօր աստիճանաբար մսխվում եւ անօգուտ է դառնում մոնիտորինգի այս համակարգի միջոցով: Որեւէ լուրջ ձեռքբերում եւ որեւէ լուրջ հիմքեր նոր «մարտիմեկերը» բացառելու ուղղությամբ չի կատարվել, եւ հանձնաժողովը պետաիրավական հարցերի ընդամենը շղարշ է այս բարեփոխումները իրականացնելու համար», - ասաց դաշնակցական պատգամավորը:

Դաշնակցության ներկայացուցիչը հիշեցրեց ավելի վաղ ներկայացված առաջարկը եւ կոչ արեց ստեղծել հատուկ հանձնաժողով, որը իրապես կզբաղվի մշտադիտարկմամբ:

Մշտադիտարկումը «անիմաստ» է համարում նախկինում Փաստահավաք խմբում Հայ ազգային կոնգրեսը ներկայացրած Անդրանիկ Քոչարյանը` ընդգծելով, որ «չեն պատժվել սպանությունների համար մեղադրվող անձինք, չեն բացահայտվել «Մարտի 1»-ին առնչող կարեւորագույն հարցերը»:

«Այս հանձնաժողովը առաջին հերթին պետք է պարզեր, թե Հատուկ քննչական ծառայությունը պարապուրդի մատնվա՞ծ է, թե՞ չէ: Ի՞նչն է պատճառը, որ մինչեւ հիմա նախաքննությունը այսքան երկար շարունակվում է», - նշեց Անդրանիկ Քոչարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG