Մատչելիության հղումներ

«Մարտի 1»-ի հանձնաժողովի եզրակացությունում ներկայացված առաջարկությունների մշտադիտարկումը շարունակվում է


Հայաստան -- Հրդեհված ոստիկանական մեքենա Երեւանում, 1-ը մարտի, 2008թ. (արխիվ)
Հայաստան -- Հրդեհված ոստիկանական մեքենա Երեւանում, 1-ը մարտի, 2008թ. (արխիվ)
2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության առաջարկությունների կատարման ընթացքի մշտադիտարկման վերաբերյալ ծավալուն եզրակացության մեջ ամենակարեւոր հարցի` մարտի 1-ի սպանությունների պատասխանատուներին պատժելու վերաբերյալ հատվածում շարադրվել են 13 հարցադրումներ:

Մասնավորապես, չեն բացահայտվել 10 անձանց մահվան հանգամանքները, չի բացահայտվել այն անձի ինքնությունը, որի կրակոցից զոհվել է զինծառայող Տիգրան Աբգարյանը, ամբողջությամբ չեն պարզվել 2008 թվականի մարտի 1-ին Ազատության հրապարակում եղած զենքերի եւ այլ իրերի պատկանելիությունը, չի պարզվել հետախուզման մեջ եղած անձանց վայրը, չի բացահայտվել պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին դանակահարող անձը:

Հատուկ քննչական ծառայությունը հարցաշարին պատասխանել է հակիրճ` «նախաքննությունը շարունակվում է»:

Պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ով Ազգային ժողովում հինգշաբթի օրը սկսել է ներկայացնել իր գլխավորած հանձնաժողովի կողմից իրականացվող մշտադիտարկման եզրակացությունները, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ընդհանրապես որեւէ հանցագործության բացահայտված չլինելը իրեն չի կարող բավարարել:

«Բայց, մյուս կողմից, դա չի նշանակում, որ մենք հնարավորություն ունենք որեւէ այլ քայլ ձեռնարկելու», - հավելեց նա:

Հարությունյանը ասաց, որ հանցագործությունների բացահայտված չլինելու խնդիրը քաղաքական չէ, եւ կան օբյեկտիվ պատճառներ. - «Կարծում եմ, որ իշխանությանը իսկապես ավելի ձեռնտու կլիներ, որպեսզի պարզ դառնար, թե ովքեր են այդ հանցագործությունները կատարողները, իսկ օբյեկտիվ պատճառներ, իհարկե, կան: Նմանատիպ հանցագործությունները շատ դժվար է բացահայտել»:

Մինչդեռ «Մարտի 1»-ի զոհերի հարազատները շարունակում են պնդել, որ սպանությունները քաղաքական դրդապատճառներով չեն բացահայտվում: Մարտի 1-ին ոստիկանների կիրառած «Չերյոմուխա-7» հատուկ միջոցից զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանն ասում է, որ միայն սպասում է իշխանափոխության:

«Որովհետեւ հասկացանք, որ սրանց հետ ոչ մի հույս չենք կարող կապել: Գնում են Եվրոպայում ուրիշ բան են ասում, այստեղ ուրիշ բան են ասում, մենակ կոծկեն, միայն դա գիտեն», - ասաց զոհվածի մայրը:

Զեկույցին կցված են նաեւ կառավարությանը վերաբերող հարցերն ու դրանց պատասխանները: Ոստիկանության պատասխանում, մասնավորապես, գրված է, թե քաղաքացիները մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ իրենց նկատմամբ բռնությունների վերաբերյալ հաղորդում չեն ներկայացրել:

«Ազատություն» ռադիոկայանը մարտի 1-ի գործերով մեղադրվողների պաշտպաններին հարցրեց, թե ինչու նրանք նման մեղադրանք չեն ներկայացրել: Փաստաբան Հովիկ Արսենյանը պատասխանեց. - «Մենք պետք է նախ վերադառնանք 2008 թվականի մարտի 1-ը եւ դրան հաջորդող ժամանակահատվածը: Յուրաքանչյուր ոք, ով նման հայտարարություն կտար, անմիջապես քրեական պատասխանատվության կենթարկվեր` [իրադարձություններին] մասնակցության համար»:

Եզրակացությանը կցված է նաեւ տեղեկանք Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւերի կատարման վերաբերյալ:

1609 բանաձեւից մեջբերված է պահանջը` «առանձնապես բռնի գործողություն կամ ծանր հանցանք չկատարած եւ առերեւույթ քաղաքական կամ արհեստական շարժառիթներով կալանավորվածներին ազատ արձակելու վերաբերյալ» , ապա «կատարված քայլ» գրառման տակ գրված է` «Հայաստանի նախագահի կոչը ընդդիմությանը` ծավալել կառուցողական երկխոսություն, մնաց անպատասխան»:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Երկխոսության մասին իշխանության պնդումները ուղղակի անհեթեթություն են, որովհետեւ նրանք երբեք ոչ մի առաջարկ չեն արել քաղաքական ճգնաժամը կարգավորելու ուղղությամբ: Միակ կարեւորագույն խնդիրը, որ նրանք պետք է լուծեն ընդդիմության հետ, հնարավոր է միայն մեկ ճանապարհով` քաղբանտարկյալների ազատումով եւ մարտի 1-ի սպանությունների բացահայտմամբ»:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ասում է, որ կառավարության պատասխանը գոհացնող չէ, այդ պատճառով էլ մշտադիտարկումը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG