Մատչելիության հղումներ

Հայաստանը որոշել է ավելացնել իր զինվորականների թիվը Աֆղանստանում


Հայաստանը որոշել է ավելացնել Աֆղանստանում իր զինվորականների թիվը: Այդ մասին խոսել են Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնիերոն եւ դաշինքում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը անցած շաբաթավերջին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները քննարկել են ՆԱՏՕ-ի Լիսաբոնի գագաթաժողովի արդյունքները, կայացված որոշումների եւ ձեռք բերված համաձայնությունների իրականացման, ՆԱՏՕ - Ռուսաստան հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները:

«Հանգամանալից անդրադարձ կատարվեց գործընկերությունների տարբեր ձեւաչափերի զարգացման եւ բովանդակությամբ հագեցման խնդիրներին:
Աֆղանստանի գործողության եւ երկրի անվտանգության գործառույթների աֆղանական իշխանություններին աստիճանաբար փոխանցման խնդիրների հետ կապված, Կլաուդիո Բիզոնիերոն դրվատեց Հայաստանի ղեկավարության որոշումը` կրկնապատկելու գործողությանը մասնակցող իր զինվորականների թիվը», - ասված է հաղորդագրությունում:

Սամվել Մկրտչյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին տեղեկացրել է նաեւ իր պաշտոնավարման ավարտի վերաբերյալ:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության նոր ղեկավար է նշանակվել Արմեն Եդիգարյանը:

Հայաստանի զինված ուժերի 40-հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով Աֆղանստան է մեկնել այս տարվա փետրվարին: Ստորաբաժանման խնդիրը Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունն ապահովելն է։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG