Մատչելիության հղումներ

«Միջազգային հանրության մոտեցումները լիովին համահունչ են Հայաստանի մոտեցումներին»


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, գնահատելով Աստանայում երեկ ավարտված ԵԱՀԿ-ի գագաթնաժողովը, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միջազգային հանրության մոտեցումները լիովին համահունչ են Հայաստանի մոտեցումներին:

«Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանյան Դաշնության, Ադրբեջանի նախագահների, Ֆրանսիայի վարչապետի եւ ԱՄՆ պետքարտուղարի կողմից գագաթաժողովի շրջանակներում արված համատեղ հայտարարությամբ ամրագրվում է, որ հիմնախնդրի կարգավորումը պետք է իրականացվի խաղաղ ճանապարհով` բանակցությունների միջոցով», - «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է արտգործնախարարը:

«Աստանայի համատեղ հայտարարությամբ կարեւորվում են Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների 2008 թ. նոյեմբերի 2-ի Մոսկովյան հռչակագիրը եւ 2010 թ. հոկտեմբերի 27-ի Աստրախանյան հայտարարությունը, ու ընդգծվում է, որ հիմնախնդրի կարգավորման հիմք պետք է հանդիսանան միջազգային իրավունքի նորմերը եւ սկզբունքները, ՄԱԿ-ի Կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտը, 2009 թ. հուլիսի 10-ի Լ’Ակվիլայի եւ 2010 թ. հունիսի 26-ի Մուսկոկայի հայտարարությունները», - ասել է Նալբանդյանը` հավելելով. - «Եւս մեկ կարեւոր հանգամանք, որն իր ելույթում Միացյալ Նահանգների պետքարտուղարն ընդգծեց եռանախագահող երկրների անունից. առաջարկվող սկզբունքներն ու տարրերը կազմում են մեկ ամբողջություն, եւ որեւէ մեկի` մյուսների նկատմամբ գերակայություն տալու փորձը անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը»:

«Բացի հնգակողմ հայտարարությունից, ԵԱՀԿ բոլոր 56 անդամ երկրներն ընդունեցին գագաթնաժողովի հռչակագիրը, որում ասվում է, որ ջանքեր պետք է գործադրվեն առկա հակամարտությունների կարգավորման ուղղությամբ` խաղաղ եւ բանակցային ճանապարհով, գոյություն ունեցող ձեւաչափերի շրջանակներում` ամբողջովին հարգելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, որոնք ամրագրված են ինչպես Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ, այնպես էլ Հելսինկյան եզրափակիչ ակտում», - հիշեցնում է նախարարը` հավելելով. - «Միջազգային հանրության այս բոլոր մոտեցումները լիովին համահունչ են Հայաստանի մոտեցումներին, որոնք մենք բազմիցս արտահայտել ենք»:

Դիտարկմանը, թե արդեն երեկ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ներկայացված հայտարարություններում փորձ էր արվում խեղաթյուրված ներկայացնել Աստանայի հնգակողմ հայտարարությունը, Նալբանդյանը արձագանքում է. - «Ադրբեջանի քարոզչության համար արդեն ավանդույթ է դարձել իր հասարակական կարծիքի համար ստեղծել փրփուրներ եւ փորձել կառչել դրանցից: Հայաստանը, ինչպես եւ նախկինում շարունակելու է իր ջանքերը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ` միջնորդների ներկայացրած առաջարկությունների հիման վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG