Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանի հայտարարության տեքստից հանվել են Հայաստանին վերաբերող կոշտ ձեւակերպումները


Եվրախորհրդարանի անդամները կոչ են անում Հայաստանին «գործնական քայլեր ձեռնարկել բիզնեսի եւ քաղաքականության տարանջատման ուղղությամբ»: Նրանք հայաստանյան իշխանություններին հորդորում են նաեւ «ոստիկանության կողմից իրականացվող ձերբակալությունների եւ հարցաքննությունների պրակտիկան համապատասխանեցնել Եվրամիության չափանիշներին»:

Այս դրույթները տեղ են գտել Եվրամիություն - Հայաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի 11-րդ հանդիպման ավարտին ընդունված ամփոփիչ փաստաթղթում:

Հարկ է նշել, որ եվրոպացի խորհրդարանականների հայտարարության նախագիծը դեռ երեկ երեկոյան շատ ավելի կոշտ ձեակերպումներ էր պարունակում: Մասնավորապես, հիշատակում կար իշխանությունների` մամուլի նկատմամբ իրականացվող ճնշումների մասին:

Հենց այս դրույթն էր, որ սուր քննարկումների առիթ տվեց: Եվրոպացի պատվիրակներից ոմանք պնդում էին, որ պաշտոնական Երեւանը ճնշում է բանեցնում իրենց նկատմամբ` հայտարարության տեքստից կոշտ ձեւակերպումները հեռացնելու նպատակով: Կրքերը հատկապես թեժացան, երբ Լիտվայի նախկին ղեկավար, պահպանողական Վիտաուտաս Lանդսբերգիսն ի նշան բողոքի լքեց դահլիճը:

«Ես պարզապես հարցրեցի` եթե մամուլի ազատության սահմանափակումներին վերաբերող դրույթը նախագծի տեքստից հանում եք, արդյո՞ք դա նշանակում է, որ այդ ճնշումները վերացել են, արդյոք վերացե՞լ է ինքնագրաքննությունը: Ես պարզապես հարցրեցի, եւ դուք լսեցիք պատասխանը` ամեն ինչ հրաշալի է», - նշում է Լանդսբերգիսը:

Նախապես շրջանառության մեջ դրված տեքստի 14-րդ կետում գրված էր. - «Կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել Հայաստանում լրագրողների դեմ բռնություններին վերջ տալու համար»:

Երկարատեւ քննարկումներից ու բանակցություններից հետո այս դրույթը հետեւյալ տեսքն է ստացել.- «Կոչ ենք անում արագորեն եւ մանրակրկիտ կերպով հետաքննել [լրագրողների դեմ հարձակումների] բոլոր դեպքերն ու պատժել մեղավորներին»:

«Դա հայկական կողմի առաջարկն էր` փոխարինել այս կետը նորով, որտեղ որեւէ հիշատակում չկա մամուլի հետ կապված խնդիրների մասին, միայն բարելավումների մասին է խոսվում: Գուցեեւ այդպես է, սակայն ես համոզված չեմ, որ այնտեղ այլեւս որեւէ խնդիր չկա», - նշում է Լանդսբերգիսը:

Հայկական կողմից բրյուսելյան քննարկումներին մասնակցում էին փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանն ու Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան»):

Վերջինս բացատրելով, թե ինչու է հատկապես մամուլի ազատության սահմանափալումների մասին դրույթը հայկական կողմի դժգոհությունն առաջացրել` նշել է. - «Եթե դուք ծանոթ եք «Lրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2010 թվականի` աշխարհում մամուլի ազատության ինդեքսի վերաբերյալ հայտարարությանը, ապա այնտեղ հստակ նշված է, որ Հայաստանը մամուլի ազատության հարցում զգալի առաջընթաց է ապահովել: Դուք կարող եք ինձ չհավատալ: Կարծում եմ, սակայն, որ որեւէ խնդիր չունեք չվստահելու այնպիսի հեղինակավոր կազմակերպության, ինչպիսին է «Լրագրողներ առանց սահմանների»: Այս կազմակերպությունն ընդամենը 20 օր առաջ հրապարակած զեկույցում հայտարարեց, որ, այո, Հայաստանը լուրջ առաջընթաց է արձանագրել մամուլի ազատության ցուցիչով: Սա անհամեմատ է Հարավային Կովկասի տարածաշրջանի մեր մյուս հարեւանների հետ: Մասնավորապես, Հայաստանն այդ ցուցիչով 101-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը`169-րդ»:

Ի դեպ, մինչեւ կեսօր պատգամավորների մոտ նաեւ մի դրույթ էր շրջանառվում, որում նշված է Հայաստանում տասնյակ քաղբանտարկյալների առկայության մասին: Այս մի ձեւակերպումը պարունակող լրացումը, սակայն, եւս մերժվեց` տեղ չգտնելով եվրոպացի խորհրդարանականների հայտարարության վերջնական տարբերակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG