Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հերքում է WikiLeaks-ում հրապարակված փաստաթղթերում Ալիեւին վերագրվող մտքերը


 WikiLeaks կայքը
WikiLeaks կայքը
Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես հերքում են WikiLeaks-ում հրապարակված դիվանագիտական փաստաթղթերում երկրի նախագահ Իլհամ Ալիեւին վերագրվող մտքերը:

Երեքշաբթի երեկոյան Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է. - «Մտքերն ու դատողությունները, որ վերագրվում են Ադրբեջանական Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւին, իրականության չեն համապատասխանում եւ բացարձակապես անհիմն են: Այս նյութերը բացահայտ սադրանք են, որոնց նպատակն է խաթարել Ադրբեջանի հարաբերությունները հարեւան պետությունների հետ, անվստահություն սերմանել պետությունների ղեկավարների միջեւ»:

WikiLeaks կայքում երկու օր առաջ տեղադրվել էր Ադրբեջանի նախագահի եւ Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Բըրնսի բանակցությունների մանրակրկիտ հաշվետվությունը` պատրաստված Բաքվում ամերիկյան դեսպանության աշխատակիցների կողմից: Փաստաթղթում նշվում էր, որ Իլհամ Ալիեւը պաշտոնական Թեհրանին մեղադրել է Ադրբեջանում սադրիչ գործողություններ իրագործելու մեջ: Նույն զրույցի ընթացքում Ալիեւն ասել էր, թե Ռուսաստանի իշխանական վերնախավի մի զգալի մասը չի ենթարկվում նախագահ Մեդվեդեւին:

Ու թեեւ ադրբեջանական կողմը կտրականապես հերքում է գաղտնազերծված դիվանագիտական զեկույցներում տեղ գտած փաստերի իսկությունը, WikiLeaks-ում շարունակում են Հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող նոր փաստաթղթեր ի հայտ գալ: Դրանց թվում են նաեւ Բաքվում ամերիկյան դեսպանության հաշվետվությունները, որոնք վերաբերում են 2008 թվականի վրաց - ռուսական պատերազմին: Ամերիկացի դիվանագետները Վաշինգտոն ուղարկված հաշվետվություններում պնդում են, որ այդ օրերին ադրբեջանցի պաշտոնյաների զգալի մասը ակնհայտ վրացամետ դիրքորոշում ուներ:

Մասնավորապես, նախագահ Ալիեւի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Նովրուզ Մամեդովը Բաքվում ամերիկյան դեսպանության գործերի հավատարմատար Դոնալդ Լուի հետ զրույցում ասել է. - «Մենք պետք է շատ լուրջ մոտեցում ցուցաբերենք Ռուսաստանի ռազմական գործողությանը ընդդեմ Վրաստանի: Ռուսաստանի այս քայլերը բխում են Մոսկվայի ցանկությունից` վերականգնել կայսերական ազդեցությունը Հարավային Կովկասում»:

Ամերիկացի դիվանագետներին Մամեդովը նաեւ ասել է. - «Ռուսաստանը ցանկանում է արգելափակել կասպյան էներգակիրների արտահանումը արեւմտյան շուկաներ: Ադրբեջանի նավթային ենթակառույցները, այդ թվում` Սանղաչալի նավթային եւ գազի տերմինալները, կարող են շատ հեշտ հասանելի թիրախներ դառնալ ռուսական հարձակման համար»:

Ադրբեջանցի պաշտոնյան նաեւ պնդել է, թե Ռուսաստանը պատերազմական գործողություններին զուգահեռ լայնածավալ տեղեկատվական հարձակման է անցել ռուսալեզու մամուլում: «Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պետք է համատեղ ուժերով հակադարձեն ռուսական քարոզչությանը», - խորհուրդ է տվել ադրբեջանցի պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG