Մատչելիության հղումներ

Արտահոսք Wikileaks-ում` Հայաստանի, Ադրբեջանի եւ Ղարաբաղի վերաբերյալ


Wikileaks կայքը կիրակի երեկոյան հրապարակել է տարբեր աստիճանի գաղտնիության ավելի քան 250 հազար ամերիկյան դիվանագիտական փաստաթղթեր:

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը խնդրել էր չտարածել գաղտնի փաստաթղթերը` զգուշացնելով, որ դրանց հրապարակումը կարող է վտանգել հազարավոր կյանքեր, փչացնել հարաբերությունները ԱՄՆ-ի եւ իր դաշնակիցների միջեւ, դիվանագիտական սկանդալների եւ դեսպանների արտաքսման պատճառ հանդիսանալ:

Այդուհանդերձ, երկուշաբթի օրը տեղեկատվական արտահոսքերի հրապարակմամբ զբաղվող Wikileaks-ի տարածած նյութերի վերաբերյալ հրապարակումներ են հայտնվել ամերիկյան, բրիտանական, գերմանական, իսպանական եւ ֆրանսիական հինգ խոշորագույն թերթերում:

Այդ փաստաթղթերը պարունակում են սկանդալային տեղեկություններ: Բրիտանական Guardian-ի փոխանցմամբ, այդ տեղեկությունների համաձայն Միացյալ Նահանգները լրտեսել է Միացյալ Ազգերի Կազմակերպության ղեկավարներին, այդ թվում` գլխավոր քարտուղար Բան Կի-մունին:

Wikileaks-ը` Հայաստանի մասին


Հրապարակված գաղտնի փաստաթղթերում նաեւ Հայաստանին եւ Ադրբեջանին վերաբերողները կան, օրինակ` Guardian-ը հրապարակել է 2008 թվականի դեկտեմբերի 24-ին Հայաստանի ղեկավարությանն ուղարկված բավական կոշտ նամակը, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, որ 2003 թվականին Իրանը Հայաստանի միջնորդությամբ հրթիռներ եւ գնդացիրներ է ձեռք բերել, որոնք այնուհետեւ օգտագործվել են Իրաքում ամերիկյան զորքերի դեմ։

«2003 թվականին Հայաստանը նպաստել է Իրանի կողմից հրթիռների եւ գնդացիրների ձեռք բերմանը: Այդ զենքը 2007-ին օգտագործվել է Իրաքում շիա զինյալների կողմից ամերիկացի զինվորականների դեմ իրականացված երկու հարձակումների ընթացքում: Այս հարձակումների ընթացքում մեկ ամերիկացի զինվորական սպանվել է, եւս վեցը վիրավորվել են», - նշված է գաղտնազերծված փաստաթղթում:

Նշված է նաեւ, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը (Կոնդոլիզա Ռայսը) ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կուլիսներում այս խնդիրը քննարկել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որը, սակայն, հերքել է զենքի փոխանցման փաստը:

«Հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների ուղղակի ներգրավվածությունն ու այն իրողությունը, որ զենքերն օգտագործվել են ամերիկացի զինվորականների դեմ հարձակումներում, տվյալ պատմությանն առանձնահատուկ եւ խիստ մտահոգիչ բնույթ են հաղորդում: Ամերիկյան համապատասխան կառույցները կարող են զինամթերքի փոխանցման դեպքերը հիմք ընդունել պատժամիջոցների սահմանման համար», - նշված է փաստաթղթում, որտեղ, այդուհանդերձ, կա հետեւյալ հավելումը. - «Հույս ունենք, որ պատժամիջոցների կիրառման սպառնալիքը կարող է լծակ հանդիսանալ Հայաստանին ավելի պատասխանատու պահվածքի դրդելու համար, եւ մենք ստիպված չենք լինի դիմել այդ պատժամիջոցների կիրառմանը»:

«Մենք գնահատում ենք մեր լավ հարաբերությունները ձեր կառավարության հետ, սակայն միեւնույն ժամանակ լուրջ մտահոգված ենք դեպի Իրան զենքի տարանցման մեկ փաստի կապակցությամբ, որը պատճառ է դարձել Իրաքում ամերիկացի զինվորների զոհվելու: Չնայած մեր երկրների սերտ հարաբերություններին, մենք չենք կարող անուշադրության մատնել այս փաստը։ Օրենքի համաձայն, զենքի տարանցումը մեզ ստիպում է քննարկել` արդյոք կան պատժամիջոցներ կիրառելու հիմքեր: Այդ պատժամիջոցները ներառում են ԱՄՆ-ի օգնության կասեցումը եւ արտահանման որոշ սահմանափակումներ», - ասված է հրապարակված գաղտնի փաստաթղթում:

Ադրբեջանի նախագահը խոսում է ղարաբաղյան հակամարտության մասին


Ավելի ուշագրավ է Ադրբեջանին վերաբերող փաստաթուղթը, որը Վաշինգտոն է ուղարկվել այս տարվա փետրվարի 25-ին: Այն իրենից ներկայացնում է ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Բիլ Բըրնսի հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ունեցած զրույցի մանրամասն վերաշարադրումը: Այդ զրույցի ընթացքում անդրադարձ կա նաեւ ղարաբաղյան կարգավորման բանակցություններին:
Զրույցում Ալիեւը նշել է, որ պատրաստ է Մինսկի խմբի ձեւաչափով առաջ շարժվել, սակայն լրացուցիչ ճնշումներ է պետք կիրառել Հայասանի նկատմամբ:

Անդրադառնալով Ռուսաստանի դերին ղարաբաղյան կարգավորման գործում, Իլհամ Ալիեւը ասել է, թե վստահ է, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ջանքերը անկեղծ են, եւ Մեդվեդեւն անձամբ հանդիպել է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ 5 անգամ, այսպիսով յուրաքանչյուր անհաջողություն այս հարցում կարող է հանգեցնել Մեդվեդեւի հեղինակության սասանմանը: Ալիեւը հավելել է, որ Սոչիում Մեդվեդեւը փորձել է համոզել Սարգսյանին, որ բեկումնային առաջընթացի հասնեն, սակայն Ալիեւի խոսքով` տարօրինակ էր, որ Մոսկվայի կողմից այդքան ճնշումներից եւ Լավրովի երեւանյան այցից հետո, հայերը ոչ միայն հակադրվում են առաջընթացին, այլեւ հրաժարվում են ավելի վաղ համաձայնեցված կետերից:

Ալիեւը նաեւ ասել է, որ իր կարծիքով` Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը իր սեփական` տարբերվող տեսակետն ունի ղարաբաղյան հարցի վերաբերյալ:

Իլհամ Ալիեւը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին բնութագրել է որպես նոր սերնդի ժամանակակից ինտելեկտուալ, որին շրջապատում են մարդիկ, ում վրա նա ազդեցություն չունի: Ալիեւը հայտարարել է, որ անձամբ է ականատես եղել, թե ինչպես է Մեդվեդեւը որոշումներ ընդունել, որոնք հետագայում չեղյալ են հայտարարվել թերեւս վարչապետի գրասենյակից:

«Շատ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն ընդունում Մեդվեդեւին որպես առաջնորդ: Չնայած անձամբ Պուտինի եւ Մեդվեդեւի միջեւ հակամարտություն չկա, սակայն այդ երկու քաղաքական գործիչների թիմերի միջեւ հակադրության նշաններ առկա են», - ասել է Ալիեւը:

Ալիեը նաեւ համոզմունք է հայտնել, թե ղարաբաղյան կարգավորման գործընթացը եւ հայ-թուրքական հաշտեցումը պետք է «փոխկապակցված ընթանան»: Բըրնսը, իր հերթին, նշել է, թե առաջընթացը հայ-թուրքական հարաբերություններում կարող է առաջընթաց ապահովել նաեւ Ղարաբաղի խնդրում:

Ալիեւը, սակայն, նշել է, թե «ապրիլի 24-ի դամոկլյան սուրը կախված է ոչ միայն հայ-թուրքական հարաբերություններ, այլեւ ղարաբաղյան կարգավորման գլխին»:

Խոսելով կարգավորման բուն ընթացքի մասին` Ալիեւը նշել է, թե դրա համար կպահանջվի 5-7 ամիս` հավելելով, որ «եթե առանց Ղարաբաղի խնդրի լուծման հայ-թուրքական սահմանը բացվի, դա մի շարք շատ վատ հետեւանքների կբերի»:

Մեկ այլ փաստաթղթում որոշակի ակնարկ կա նաեւ պաշտոնական Երեւանի այն պնդման կապակցությամբ, թե հայ-թուրքական արձանագրությունները կապակցված չեն ղարաբաղյան հակամարտությանը, թեեւ թուրքական կողմը հակառակն էր պնդում:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության տեղեկանքում, որը կազմվել է նախարար Ռոբերտ Գեյթսի Անկարա կատարելիք պաշտոնական այցից առաջ, մի քանի նախադասություն կա Հայաստանի մասին. - «Անկարան պահանջում է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն հայկական ուժերի` Ղարաբաղին հարող տարածքներից դուրս բերմանը զուգահեռ»: Փակագծերում, սակայն, նշված է, որ դա «ամերիկյան կողմի դիրքորոշումը չէ», եւ «ամերիկյան վարչակազմը այս դիրքորոշումը չի պաշտպանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG