Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Սիրիայի գլխավոր Մուֆթիի հետ, այցելել Դեյր Զոր


Սիրիա պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը երեկ Հալեպում ընդունել է Սիրիայի գլխավոր Մուֆթի Բադր ադ-Դին Հասսունը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Սիրիայի գլխավոր Մուֆթին ասել է, որ Սիրիայի ժողովրդի համար հայերը քույրեր եւ եղբայրներ են: Նրա բնորոշմամբ` Սիրիայի հայ համայնքը իր ներկայությամբ նպաստում է Սիրիայի զարգացմանը եւ հզորացմանը: Նա անգնահատելի է համարել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերը եւ հույս հայտնել, որ տարածաշրջանի մյուս երկրները նույնպես քայլեր կանեն պատերազմները կանխելու, կայունություն հաստատելու ուղղությամբ:

Նույն օրը Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը Հալեպից մեկնել է Դեյր Զոր, որտեղ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Ս. Նահատակաց հայկական եկեղեցուն կից սրահում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, ասել է. - «Եթե ամեն տարի աշխարհասփյուռ հայությունը ապրիլի 24-ին համախմբվում է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող եւ սրբավայր դարձած հուշարձանների մոտ, ապա Դեյր Զորը համայն հայության համար դարձել է ամենօրյա այցելության սրբավայր: Մենք այստեղ ենք, որ մեր հարգանքի տուրքը մատուցենք Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով ծրագրված եւ իրագործված 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին եւ միաժամանակ վերահաստատելու պատմական արդարության վերականգնմանն ուղղված մեր վճռականությունը»:

Երեկոյան պատվիրակությունը վերադարձել է Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG