Մատչելիության հղումներ

Բարամիձեի հավաստմամբ` Վրաստանում հայկական եկեղեցու իրավունքների հետ կապված խնդիրներ չկան


Գիորգի Բարամիձեն «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում, 24-ը նոյեմբերի, 2010թ.
Գիորգի Բարամիձեն «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում, 24-ը նոյեմբերի, 2010թ.

Վրաստանի փոխվարչապետ, եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Գիորգի Բարամիձեն չորեքշաբթի օրը Պրահայում «Ազատություն» ռադիոկայանի հյուրն էր։

Լրագրողների հետ հանդիպմանը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը եւս նրան հարց ուղղեց Վրաստանի հայ համայնքի մտահոգությունների մասին, մասնավորապես` որ համայնքի ինտեգրումը չափից դուրս արագ է արվում, ինչից տուժում են հայոց լեզուն ու մշակույթը, ինչպես նաեւ Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու գրանցման խնդրի մասին։

Նախ անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու գրանցման հարցին` Բարամիձեն վստահեցրեց, թե Վրաստանը բոլոր դավանանքների ու եկեղեցիների հանդեպ հանդուրժողական քաղաքականություն է վարում։

«Կա՞ արդյոք մի դեպք, որ հայկական եկեղեցին խնդիր է ունեցել իր իրավունքները իրականացնելու գործում։ Կա՞ որեւէ խնդիր` երբեք խնդիր չի եղել», - ասաց նա:

Բարամիձեն ասաց, որ Վրաստանում չկա պաշտոնապես գրանցված եկեղեցի կամ դավանանք, որովհետեւ դրա կարիքը չունեն։ Միայն մեկ սահմանադրական համաձայնություն կա պետության եւ Վրաստանի Ուղղափառ եկեղեցու միջեւ, որը տարանջատում է իրավունքները, եւ պետությունը պատասխանատվություն է ստանձնում վերադարձնել խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցուց բռնագրավված սեփականությունը։ «Սրանից բացի` մենք գրանցված այլ եկեղեցի չունենք», - նշեց նա:

Իսկ հարցին, թե ո՞րն է չգրանցելու պատճառը, Վրաստանի փոխվարչապետը պատասխանեց. - «Որովհետեւ խնդիր չկա, դրա կարիքը չկա»։

Նրա պարզաբանմամբ` եկեղեցու գրանցումը կստեղծի ահռելի իրավական տարբեր խնդիրներ, որի կարիքը չունեն. - «Ինչի՞ համար. եթե որեւէ խնդիր կա, մենք պատրաստ ենք լուծել այն, եթե խնդիր չկա, ինչո՞ւ ստեղծել։ Մենք դա չենք կարող հասկանալ»։

Ինչ վերաբերում է հայ համայնքի ինտեգրումը չափից դուրս արագ կատարելուն, Բարամիձեն ասաց. - «Մենք տեղյակ ենք մեր որոշ քաղաքացիների մտահոգություններին»։

Նրա խոսքերով` Վրաստանը նորմալ, եվրոպական երկիր է կառուցում, որտեղ յուրաքանչյուր անհատի ու էթնիկ խմբերի իրավունքները հարգվում են։

Գիորգի Բարամիձեն նշեց, որ Վրաստանում հայկական դպրոցներ կան, «վարդերի հեղափոխությունից» հետո Ախալքալաքում ճանապարհներ են կառուցվում, ներդրումներ են արվում ենթակառույցներում։

Վրաց փոխվարչապետը ընդգծեց, որ Հայաստանի վարորդների համար եւս շատ կարեւոր է, որ Վրաստանի ճանապարհներին կոռուպցիա չկա։

«Հայաստանը ապրանքների 80 տոկոսը ստանում է Վրաստանի տարածքով, հայ վարորդների համար հիմա շատ ավելի հեշտ է անցնել Վրաստանի տարածքով: Ավելի ու ավելի շատ հայ զբոսաշրջիկներ են այցելում Վրաստան։ Մենք գերազանց համագործակցություն ունենք կառավարությունների մակարդակով, նախագահների մակարդակով», - ասաց Բարամիձեն:

Նշելով, որ դժվարություններ կան, նա ասաց, թե Ռուսաստանը շատ է փորձում խնդիրներ առաջացնել Հայաստանի ու Վրաստանի միջեւ, եւ մի փաստ մատնանշեց. - «Ռուսաստանը առաջարկել էր բացել երկու երկրների միջեւ միակ օրինական անցակետը` Վերին Լարսը։ Վրաստանը համաձայնել էր, բայց հետո Ռուսաստանը ասաց, թե կբացի անցակետը, միայն թե այնտեղով պետք է անցնեն Հայաստանի բեռնատար ավտոմեքենաները` նպատակ ունենալով, որ մենք «ոչ» կասենք, բայց մենք «այո» ասացինք»։

Բարամիձեն կրկնեց, թե Ռուսաստանը շատ է փորձում լարվածություն սադրել երկու երկրների միջեւ: Նրա կարծիքով` հայ հասարակությունը շատ ազդեցություն է կրում ռուսական մամուլից, որը, իր խոսքերով, թշնամաբար է տրամադրված Վրաստանի հանդեպ։

Նշելով, թե երկու երկրների, երկու ժողովուրդների շահերը պահանջում են զարգացնել բարեկամական հարաբերությունները, Բարամիձեն ասաց, որ երկու երկրների կառավարությունները, նախագահները, նաեւ հասարակությունը դա շատ լավ հասկանում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG