Մատչելիության հղումներ

Վրաց փոխնախարար. «Մենք երբեք չենք գրանցի Էջմիածնի եկեղեցին»


Վրաստանի վերաինտեգրման հարցերով փոխնախարար Ելենա Թեւդորաձե
Վրաստանի վերաինտեգրման հարցերով փոխնախարար Ելենա Թեւդորաձե

«Թբիլիսիի հայ համայնք. խնդիրներ եւ հեռանկարներ». այսպես էր կոչվում շաբաթասկզբին Վրաստանի մայրաքաղաքում կայացած համաժողովը, որը սկանդալային ավարտ ունեցավ:

Պատճառը` Վրաստանի վերաինտեգրման հարցերով փոխնախարար Ելենա Թեւդորաձեի հայտարարությունն էր: «Մենք Վրաստանում երբեք պաշտոնական կարգավիճակ չենք շնորհի էջմիածնական եկեղեցուն, քանի որ այն Հայ Առաքելական եկեղեցին, որ գոյություն ունի մեր երկրի տարածքում, այսպես կոչված մասնաճյուղ է: Եվս մեկ անգամ եմ կրկնում` Էջմիածնի եկեղեցին մենք չենք ճանաչի», - հայտարարել է վրաց փոխնախարարն ու լքել դահլիճը:

Թեւդորաձեի այս հայտարարությանը նախորդել էր նրա վեճը Վրաստանում Վատիկանի դեսպան Կլաուդիո Գուջերոտիի հետ: «Աշխարհում որեւէ տեղ նման պրակտիկայի չեք հանդիպի, երբ պետությունը ավանդական եկեղեցուն առաջարկում է գրանցվել որպես ակումբ կամ հասարակական կազմակերպություն», - ընդգծել էր կաթոլիկ հոգեւորականը:

Քննարկմանը ներկա էր նաեւ Թբիլիսիի հայերի պետական կրթության խորհրդի ղեկավար Դավիթ Մանուսաջեւը, ով «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նկատեց. - «Թեւդորաձեի առակությունները կատարելապես անիմաստ էին, համակարգված չէին: Վատիկանի դեսպանը ստիպված էր ասել փոխնախարարին` «դուք առարկում եք զուտ առարկելու համար` չխորանալով խնդրի էության մեջ»:

Թե' Հայ Առաքելական եկեղեցին եւ թե' Կաթոլիկ եկեղեցին Վրաստանում պաշտոնապես գրանցված չեն, քանի որ պետությունը հրաժարվում է նրանց կրոնական միավորման կարգավիճակ տալ:

Այս բանավեճի ֆոնին հերթական անգամ հետաձգվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի այցը Վրաստան: Մի քանի օր առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգեւոր խորհուրդը, ընդառաջելով վրացական կողմի խնդրանքին, հետաձգեց Վեհափառի` նոյեմբերի երկրորդ կեսին նախատեսված այցը Վրաստան: Պաշտոնական վարկածը Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդի վատառողջությունն էր:

Դավիթ Մանուսաջեւն ասում է. - «Նրա հիվանդությունը, իհարկե, դիվանագիտական բնույթ ունի: Իրոք, Իլիա երկրորդը վաղուց արդեն վատառողջ է: Սակայն հնարավոր չէ անընդհատ նրա հիվանդությունը մատնանշելով հետաձգել այս այցը: Ցանկացած միջազգային կազմակերպության ցանկացած ներկայացուցչի համար ակնհայտ է` որոշակի խնդիրներ առկա են: Բացի այդ, գոյություն ունեն բազմաթիվ խորհրդատվական զեկույցներ, Պետդեպարտամենտի հայտարարությունները: Այս ամենը նրանք անտեսել չեն կարող, այդ իսկ պատճառով հիվանդությունները մատնանշելով են փորձում լուծումները փոխարինել»:

Թբիլիսիի հայերի պետական կրթության խորհրդի ղեկավարը հավելեց, որ երկու եկեղեցիների միջեւ մի խնդիր էլ գոյություն ունի. - «Վրացական կողմը հավակնություններ ունի Հայաստանում գտնվող քաղկեդոնական եկեղեցիների հանդեպ: Այդ եկեղեցիները չեն գործում եւ կիսախարխուլ վիճակում են: Վրացական եկեղեցին, սակայն, չի պահանջում, որ դրանք քաղկեդոնական ճանաչվեն. նրանք ուզում են այդ եկեղեցիների սեփականատերը դառնալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG