Մատչելիության հղումներ

Ղարաբաղի բանակում տեղի ունեցած միջադեպի գործով կասկածյալը ձերբակալված է


Անցած շաբաթավերջին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում տեղի ունեցած արտակարգ միջադեպի գործով գլխավոր կասկածյալը ձերբակալված է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական վարչությունից:

Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում նոյեմբերի 19-ին ժամը 24:00-ի սահմաններում հրազենային կրակահերթերից 4 ժամկետային զինծառայողներ զոհվել են, եւս 4 զինծառայողներ ստացել են հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ:

Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական վարչության փոխանցմամբ` ձերբակալվածը նույն զորամասի զինծառայող է: Նրա ինքնությունը եւ քրեական գործի այլ մանրամասներ չեն հրապարակվում` «նախաքննության շահերից ելնելով»:

Փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ երկու եւ ավելի անձանց սպանության հատկանիշներով` Հայաստանի Քրեական օրենսգրքի 104 հոդվածի երկրորդ մասի առաջին կետով:

Գործը հարուցված է Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG