Մատչելիության հղումներ

Մանր եւ միջին ձկնաբույծները հայտնվել են օլիգարխների ուշադրության կենտրոնում


Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը պնդում է, որ ձկնաբուծարանները հայտնվել են օլիգարխների ուշադրության կենտրոնում, եւ վերջիններս փորձում են օգտագործել պետական կառավարման մարմինների վրա ունեցած իրենց ազդեցությունը եւ դուրս մղել դաշտից մանր եւ միջին ձկնաբույծներին:

Ձկնաբուծությունը Հայաստանում նոր զարգացող եւ շահութաբեր ոլորտ է, սակայն ինչպես պատգամավորներն են վստահեցնում, ոլորտը օրենսդրորեն լիովին կարգավորված չէ: Ներկայումս Հայաստանում կա մոտ 300 ձկնաբուծական տնտեսություն, որոնց մեծ մասը հիմնականում Արարատյան դաշտավայրում է:

Ըստ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի` այս ոլորտը լուրջ հեռանկար ունեցող, արտահանման կողմնորոշումով ճյուղ է եւ կարող է զարգանալ Հայաստանի բնակավայրերի 60-70 տոկոսում, ինչը նշանակում է, որ «այն կարող է փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ռեալ դաշտ լինել»:

Նոյեմբերի 18-ին ձկնաբույծները իրենց արտահերթ համագումարում քննարկել են մի շարք խնդիրներ, որոնք սկսել են խոչընդոտել ոլորտի զարգացմանը: Ըստ Ստյոպա Սաֆարյանի` մանր ու միջին ձկնաբուծարանների սեփականատերերը պնդում են, որ նման իրավիճակի խորացման դեպքում ամենահավանական ելքը լինելու է այն, որ իրենք հրաժարվեն ձկնաբուծարաններից ու հեռանան Հայաստանից:

Օրերս ձկնաբույծների խնդիրներին է անդրադարձել «Հետք» շաբաթաթերթը: «Ջրօգտագործման թույլտվությունները դժվարացել են մանր ձկնաբույծների համար, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում հսկայական տարածքների հասնող ձկնաբուծարաններ են հիմնել հենց ԱԺ պատգամավորները եւ պաշտոնյաները: Արարատի մարզի Սիս գյուղի մոտ 11-12 հա հողատարածքում է գտնվում Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ձկնաբուծարանը: Սայաթ-Նովա գյուղի տարածքում ցանկապատված հսկայական տարածք է զբաղեցնում ԲՀԿ նախագահ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի համատեղ ձկնաբուծարանը», - գրում է շաբաթաթերթը:

Ստյոպա Սաֆարյանի փոխանցմամբ` իրենք արդեն դիմել են խորհրդարանական երկու հանձնաժողովների լսումների կազմակերպելու առաջարկով: Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի խոսքով էլ` իրենց խմբակցությունը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել եւ նախագիծը առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG