Մատչելիության հղումներ

ՀԴՄ կտրոններով հունվարից կխաղարկվեն նաեւ ավտոմեքենաներ


Եկող տարվա հունվարից սկսած, հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) կտրոնների յուրաքանչյուր վիճակահանությունում խաղարկվելու է 10 ավտոմեքենա:

Հայաստանի կառավարությունը այսօր փոփոխություններ եւ լրացումներ կատարեց համապատասխան կարգում։

Ըստ այդմ` 2011 թվականի հունվարից ՀԴՄ կտրոնների վիճակահանության արդյունքում շահող կհամարվեն այն կտրոնները, որոնց հատուկ համարի 2 եւ ավելի նիշերն առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ կհամընկնեն վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին։

Որոշմամբ նախատեսվում է յուրաքանչյուր վիճակահանության ժամանակ խաղարկել 10 ավտոմեքենա, այդ թվում` 8 եւ 7 նիշերի համընկմամբ հատուկ համար պարունակող շահումների դեպքում տրամադրել մեկական ավտոմեքենա եւ համապատասխանաբար 1 միլիոն դրամ (շուրջ 2.8 հազար դոլար) եւ 100 հազար դրամ պարգեւավճար, իսկ ավտոմեքենաների չսպառված քանակները տրամադրել համապատասխանաբար 6 եւ 5 թվերի համընկմամբ շահած` կտրոնի առավելագույն գործարքի արժեք ունեցող կտրոն ունեցող անձանց։

6, 5, 4, 3, 2 թվերի` առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ շահողները, համապատասխանաբար, կստանան 50 հազար, 20 հազար, 5 հազար, 2 հազար, 500 դրամ։

Դադարեցվում է վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների խմբաքանակի դիմաց բոնուսների վճարումը։ Դրա փոխարեն, նախատեսվում է, որ 2011 թվականի հունվար ամսվա վիճակահանությանը կմասնակցեն նաեւ 2010 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին տրամադրված ՀԴՄ կտրոնների հատուկ համարները։ Այդ կապակցությամբ 2011 թվականի հունվար ամսվա վիճակահանությանը կհատկացվի 30 ավտոմեքենա։


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG