Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը ավարտեց այցը Բրյուսել


Երեկ ուշ երեկոյան ավարտվել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության մեկօրյա աշխատանքային այցը Բրյուսել:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` Տիգրան Սարգսյանը նախ անձնական հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ, Եվրոպական խորհրդարանի անդամ Խայիմ Մայոր Օրեխայի հետ, ապա հանդիպել է Եվրամիության առեւտրի հարցերով հանձնակատար Կարել դը Գուխտի հետ։

Եվրամիության հանձնակատարի հետ հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակն ու համակողմանիորեն անդրադարձել երկրում ընթացող բարեփոխումներին: Նշվել է, որ առկա համագործակցությունը դրված է ինստիտուցիոնալ ամուր հիմքերի վրա եւ ներառում է բոլոր առաջնահերթ ոլորտները, որտեղ կառավարությունն իրականացնում է բարեփոխումներ: Այդ համատեքստում կարեւորվել է Եվրամիության օժանդակությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են Եվրամիության հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կարեւորությանը եւ ներկայացրել բանակցություններ սկսելու վերաբերյալ կողմերի պատկերացումները: Երկուստեք շեշտվել է Հայաստանում ընթացող բարեփոխումներին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին վարչապետը Կարել դե Գուխտին է փոխանցել Հայաստան այցելելու` նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը:

Ավելի ուշ Տիգրան Սարգսյանն իր կեցավայրում ընդունել է Բելգիայի առաջատար ադամանդագործական ընկերությունների ներկայացուցիչներին, իսկ այցի ավարտին եղել է «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության գրասենյակում, ծանոթացել կառույցի գործունեությանը, ինչպես նաեւ մասնակցել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության հարցերին նվիրված քննարկմանը, որին ներկա էին Հարավային Կովկասի երկրների հարցով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին, Բելգիայում հավատարմագրված մի շարք պետությունների եւ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ ու վերլուծաբաններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG