Մատչելիության հղումներ

Ղարաբաղի վերաբերյալ նախագիծը ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նստաշրջանի օրակարգից հանվել է բոլոր կողմերի առաջարկով


ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 56-րդ նստաշրջանի լոգոն
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 56-րդ նստաշրջանի լոգոն
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանաձեւի նախագիծը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի (ՆԱՏՕ-ի ԽՎ)` ուրբաթ օրը մեկնարկող 56-րդ նստաշրջանի օրակարգից հանվել է բոլոր կողմերի առաջարկով: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար, հանրապետական պատգամավոր Կարեն Ավագյանը:

«Բանաձեւի հանելը եւ զեկույցի քննարկման հետաձգումը կապված էր բոլոր կողմերի առաջարկությունների հետ` թե' մեր առաջարկությունները, թե' Ադրբեջանի առաջարկությունները, թե' ընդհանուր մոտեցումները Խորհրդարանական վեհաժողովում բերեցին նրան, որ այդ քննարկումը ուղղակի դուրս եկավ օրակարգից», - ասաց Ավագյանը:

Մինչեւ նոյեմբերի 16-ը Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի ԽՎ-ի 56-րդ նստաշրջանի նախնական ծրագրում ընդգրկված` կանադացի զեկուցող Ռայնլ Անդրեյչուկի հեղինակած այդ 6-կետանոց նախագծում կար «յոթ շրջանների օկուպացիա» ձեւակերպումը, ինչը հայկական կողմի համար անընդունելի էր: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը դեռ հունիսին նամակ էր հղել Վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին` կոչ անելով «զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը քննարկելուց» եւ համոզմունք հայտնելով, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափից դուրս կայացած նախաձեռնությունները բանակցային գործընթացը վտանգելու մեծ ներուժ ունեն:

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակությունը առաջարկներ էր նախապատրաստել, բայց անցած շաբաթավերջին հայտնի դարձավ, որ այս նստաշրջանում նախագիծը չի քննարկվելու:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` նախագիծը ամբողջությա՞մբ է հանված ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի օրակարգից, թե՞ պարզապես քննարկումն է հետաձգվել, Կարեն Ավագյանը պատասխանեց. - «Վերջնական կասենք արդեն, երբ կվերադառնանք: Այնտեղ համապատասխան ղեկավարներից կփորձենք հասկանալ դրա հետագա ճակատագիրը»:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավարը շարունակում է մնալ այն համոզմանը, որ եթե նույնիսկ հետագայում այդ բանաձեւի նախագիծը քննարկման դրվի` «որեւէ խնդիր չկա եւ ոչ մի ատյանում մեր դիրքորոշումները ներկայացնելու համար»: «Այսինքն, մենք պատրաստ ենք ցանկացած հարթակում շատ հստակ ներկայացնել մեր դիրքորոշումները, եւս մեկ անգամ հասանելի եւ հնչելի դարձնել», - ասաց Կարեն Ավագյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG