Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը կայցելի Հնդկաստան


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եկող տարի կայցելի Հնդկաստան: Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու երկրների արտգործնախարարների` երեկ Նյու Դելիում կայացած հանդիպման ժամանակ:

Ընդունելով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին` Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սոմանահալլի Մալլայահ Կրիշնան ասել է. - «Հայ - հնդկական բարեկամության պատմական հարուստ ավանդույթներ գոյություն ունեն, եւ Հնդկաստանը ցանկանում է գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները առավել խորացնելու համար»:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում մեծ կարեւորություն են տալիս Հնդկաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը եւ ամրապնդմանը: «Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ չկա որեւէ խնդիր, որ բաժանում է կողմերին, այլ կան շատ գործոններ, որոնք միավորում են մեր երկրներին: Տարածաշրջանային եւ միջազգային հարցերի վերաբերյալ մեր պետությունները ունեն փոխըմբռնում, նույնանման կամ շատ մոտ դիրքորոշումներ», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը:

Նալբանդյանը վերահաստատել է Կաշմիրի հարցում Հայաստանի դիրքորոշումը եւ շնորհակալություն հայտնել հնդիկ գործընկերոջը Կովկասում առկա խնդիրների վերաբերյալ Հնդկաստանի հավասարակշռված դիրքորոշման համար:

Կրիշնան ասել է, որ Հնդկաստանը բարձր է գնահատում Հայաստանի մշտական աջակցությունը իր երկրի համար կարեւոր հարցերում, մասնավորապես` Կաշմիրի խնդրի առնչությամբ:

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Հանդիպումից հետո Հայաստանի եւ Հնդկաստանի արտգործնախարարների ներկայությամբ Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արա Հակոբյանը եւ Հնդկաստանի մշակույթի նախարարության պետքարտուղար Ջավար Սիրկարը ստորագրել են Հայաստանի եւ Հնդկաստանի մշակույթի նախարարությունների միջեւ 2011-2012 թվականների մշակութային համագործակցության մասին հուշագիր:

Էդվարդ Նալբանդյանը նաեւ ընդարձակ հարցազրույց է տվել Հնդկաստանի պետական հեռուստատեսությանը, այցելել է Միջազգային հարաբերությունների հնդկական խորհուրդ, ուր հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով, որին ներկա էին Նյու Դելիում հավատարմագրված դեսպաններ, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ եւ լրագրողներ:

Միջազգային հարաբերությունների հնդկական խորհրդի տնօրեն Սուդհիր Դեվաերի հետի հետ կայացած հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը քննարկել է Հայաստանի արտգործնախարարության դիվանագիտական դպրոցի եւ Խորհրդի միջեւ համագործակցության հնարավորությունները:

Այսօր Հայաստանի արտգործնախարարը կմեկնի Կալկաթա, ուր հանդիպում կունենա Արեւմտյան Բենգալի նահանգապետի, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG