Մատչելիության հղումներ

Ադրբեջանը տարակուսած է ընտրությունների առնչությամբ Պետդեպարտամենտի հայտարարությունից


Ադրբեջանը «ափսոսանք եւ տարակուսանք» է հայտնել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հայտարարության առնչությամբ, համաձայն որի` նոյեմբերի 7-ի խորհրդարանական ընտրությունները այդ երկրում «չեն անցկացվել միջազգային չափանիշներին համապատասխան»:

«ԱզերԹԱջ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի արտգործնախարարության երեկ հրապարակած հայտարարությունում, մասնավորապես, ասված է. - «Այս կամ այն երկրում անցկացված ընտրությունների գնահատման ժամանակ, որպես կանոն, Պետդեպարտամենտի հայտարարությունը արմատապես չի տարբերվում դրանց միջազգային հեղինակավոր կազմակերպությունների տված գնահատականից: [Պետդեպարտամենտի] հայտարարությունում հղում է արված ընտրությունների ընթացքին հետեւած ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի, ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի, Եվրախորհրդարանի առաքելությունների եզրակացության վրա: Սակայն փաստաթղթում, որի վրա հղում է արված, չկա Պետդեպարտամենտի տվածին նման գնահատական»:

Միաժամանակ, Ադրբեջանի կառավարությունը վստահեցնում է, թե «ժողովրդավարական, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը պետության գլխավոր նպատակն է, եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու համապատասխան ընտրական կառույցները, հավանություն տալով այդ ուղղությամբ կատարված դրական աշխատանքին, լրջորեն կուսումնասիրեն ընտրական գործընթացում դիտարկված որոշ թերություններ եւ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG