Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը խոստանում է պատժել լրագրողի վրա հարձակման հեղինակներին


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր վստահեցրել է, որ «Կոմերսանտ» թերթի թղթակից Օլեգ Կաշինի վրա հարձակմանը մեղսակից անձինք պատժվելու են:

«Այդ ուժերը պետք է բացահայտվեն: Ով էլ որ մեղսակից լինի այդ հանցագործությանը` պատժվելու է` անկախ զբաղեցրած դիրքից, կոորդինատների հասարակական համակարգում ունեցած տեղից, անկախ այլ վաստակներից, եթե այդպիսիք կան», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Մեդվեդեւը «Ռոսիյսկայա գազետա» թերթի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքերով` Կաշինի վրա կատարված հարձակումը սովորական քրեական հանցագործություն չէ, եւ «եթե դա նպատակաուղղված գործողություն է` նաեւ մարդիկ, ովքեր մեղսակից են դրան, պետք է մերկացվեն եւ պատժվեն»:

Օլեգ Կաշինը դաժան ծեծի է ենթարկվել նոյեմբերի լույս 6-ի գիշերը եւ հայտնվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Գործընկերները այդ հարձակումը կապում են լրագրողի մասնագիտական գործունեության հետ:

Մեդվեդեւը հիշեցրել է, որ սա առաջին նման դեպքը չէ: «Դա ցույց է տալիս, որ հանցավորության մակարդակը մեր երկրում դեռ շատ բարձր է եւ, երկրորդ, որ գոյություն ունեն ուժեր, որոնք համարում են, որ նման մեթոդների օգնությամբ կարելի է փակել ուզածդ մարդու բերանը` լրագրողի, քաղաքական գործչի», - ընդգծել է Ռուսաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG