Մատչելիության հղումներ

Նուբարաշենի զորամասի հրամանատարի տեղակալը ձերբակալվել է


Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ երեկ երեկոյան ձերբակալվել է Նուբարաշենի զորամասի հրամանատարի տեղակալ Արմեն Բարեղամյանը, ով, ըստ վկայությունների, հոկտեմբերի 28-ին դաժան ծեծի էր ենթարկել նույն զորամասի ժամկետային զինծառայող, 18-ամյա Էրիկ Գրիգորյանին:

Զինվորը ուղեղի ցնցմամբ, սալջարդերով ու քթի կոտրվածքով տեղափոխվել էր Զինվորական հոսպիտալի դիմածնոտային բաժանմունք:

Երեւանի 4-րդ կայազորային քննչական բաժնում այս փաստի առիթով հարուցված է քրեական գործ Քրեական օրենսգրքի 375 հոդվածի առաջին մասի հատկանիշներով` «Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը», որով նախատեսված պատժաչափը 2-5 տարվա ազատազրկումն է:

Պաշտպանության նախարարության քննչական վարչությունից տեղեկացրեցին, որ մինչեւ ձերբակալության 72 ժամը լրանալը Բարեղամյանին կառաջադրվի մեղադրանք, եւ դատարանը կորոշի խափանման միջոցի հարցը:

Արմեն Բարեղամյանի դեմ նույն հոդվածով ամիսներ առաջ նույնպես մեղադրանք էր առաջադրվել մեկ այլ զինվորի` շարքային Բագրատ Եղիշյանին ծեծելու համար: Սակայն այդ ժամանակ խափանման միջոց ընտրվել էր ոչ թե կալանքը, այլ չհեռանալու մասին ստորագրությունը:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG