Մատչելիության հղումներ

Վահան Խալաֆյանի իրավահաջորդի ներկայացուցչի պնդմամբ` Խալաֆյանին սպանել է օպերլիազորը


Վեց ամիս առաջ ոստիկանության Չարենցավանի բաժնում մահացած 24-ամյա Վահան Խալաֆյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա նիստի ժամանակ իր ճառում հայտարարեց, թե Խալաֆյանին սպանել է գործով ամբաստանյալ Մորես Հայրապետյանը:

Պաշտոնական վարկածով` ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի ինքնասպանության, իսկ հարազատների պնդմամբ` սպանության պահին Հայրապետյանը տվյալ բաժնում աշխատել է իբրեւ օպերլիազոր:

Խալաֆյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց, որ իր պնդումը հիմնավոր է, եւ մեկ ապացույց կա. ըստ մեղադրական եզրակացության ամենածանր` պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքը չընդունող եւ իրեն «քավության նոխազ» համարող ամբաստանյալ Աշոտ Հարությունյանը, որը նախկինում եղել է ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզություն բաժանմունքի պետը, դատարանում իր ցուցմունքում նշել է, թե տեսել է դանակ Մորես Հայրապետյանի ձեռքին:

Հիշեցնենք, որ իրեղեն ապացույց համարվող դանակի վրա որեւէ մատնահետք չի հայտնաբերվել:

Մեղադրող կողմը Մորես Հայրապետյանի համար պահանջել է 2 տարվա պայմանական ազատազրկում, իսկ Աշոտ Հարությունյանի համար` 8 տարվա ազատազրկում:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG