Մատչելիության հղումներ

Քաղաքական գործիչները մեկնաբանում են աստրախանյան հանդիպումը


Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները Աստրախանում: 27-ը հոկտեմբերի 2010 թ.
Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները Աստրախանում: 27-ը հոկտեմբերի 2010 թ.

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը կարծում է, թե պետք չէ գերագնահատել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Աստրախանում երեկ կայացած հանդիպմանը դերը: Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, մինչդեռ, գտնում է, որ եռակողմ հանդիպումների ֆորմատը ավելի բովանդակալից է դարձել, քան այն, ինչ կատարվում է Մինսկի խմբի շրջանակներում:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, հիշեցնենք, երեկ «օգտակար եւ կարեւոր էր» որակել նախագահների եռակողմ հանդիպումը: Շարմազանովի խոսքով, դա հերթական հանդիպումներից մեկն էր, որը «կարող է լինել օգտակար, եթե Ադրբեջանը հարգի ձեռք բերված պայմանավորվածությունները»:

Հիշեցնենք, այդուհանդերձ, որ հանդիպումից հետո Դմիտրի Մեդվեդեւը հույս էր հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղյան կարգավորման հարցում կարող են համաձայնության հասնել դեկտեմբերի սկզբին:

«Մենք որոշակի ճանապարհ ենք անցել, ինչը հիմք է տալիս հուսալ, որ եթե կողմերը հաջողությամբ աշխատեն հաջորդ ամսվա ընթացքում, ապա դեկտեմբերի 1-2-ին Ղազախստանում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ մենք կարող ենք հասնել համաձայնության հակամարտության համընդհանուր կարգավորման սկզբունքների շուրջ», - ասել էր Ռուսաստանի նախագահը:

Հարցին, թե կիսում է արդյոք հայկական կողմը Մեդվեդեւի լավատեսոթյունը, Շարմազանովը պատասխանեց. - «Հայկական կողմը գտնում է, որ եթե Ադրբեջանը իրոք կառուցողական լինի, հնարավոր է, որ մինչ այդ ժամանակաշրջանը մենք կարողանանք որոշակի համաձայնության գալ: Սակայն այստեղ կա երկու դժվարություն: Առաջինը` Ադրբեջանը պարտավոր է իրականացնել կառուցողական քաղաքականություն: Երկրորդը` այստեղ պետք է մասնակից լինի ղարաբաղյան կողմը: Առանց ղարաբաղյան կողմի կարծիքը հաշվի առնելու, չենք կարող հասնել որեւէ առաջընթացի»:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկաված Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում աստրախանյան հանդիպման վերաբերյալ ընդգծեց, թե հաճախակի դարձած եռակողմ հանդիպումները ակնհայտ են դարձնում, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ֆորմատը ինչ-որ իմաստով ավելի բովանդակալից է դարձել, քան այն, ինչ կատարվում է Մինսկի խմբի շրջանակներում:

«Նման հայտարարությունը [Մեդեվեւի] իսկապես ապացույցներից մեկն է, որ հարցը լրջորեն է դրված միջազգային օրակարգում: Եվ կարծում եմ, որ իսկապես բավականին լուրջ հավանականություն կա, որ Աստանայում ինչ-որ առաջխաղացում կլինի», - ասաց Զուրաբյանը` պարզաբանելով. - «Առաջխաղացում կարելի է համարել որոշակի համաձայնության գալը, օրինակ` մեծ պայմանագրի սկզբունքների շուրջ»:

«Ինչքանով որ մենք ենք տեղյակ, կարգավորման հիմքում ընկած է մի այնպիսի ձեւակերպում Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին, որը թույլ կտա ե'ւ ադրբեջանական, ե'ւ հայկական կողմին մեկնաբանել այն հօգուտ իրենց: Այսինքն` այնպիսի մի ձեւակերպում է ընտրվելու, որ պարուրված լինի մշուշով, որը հնարավորություն ունի մեկնաբանվեն ե'ւ այսպես, ե'ւ այնպես», - - շարունակեց ընդդիմադիր դաշինքի համակարգողը` եզրափակելով. - «Եթե գան համաձայնության անգամ մշուշոտ ձեւակերպման շուրջ, որը հնարավորություն է տալու իրականացնել ստատուս քվոյի փոփոխություն, դա արդեն կարելի է համարել լուրջ փոփոխություն: Այլ բան է, թե ինչքանով դա ընդունելի է Ղարաբաղի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG