Մատչելիության հղումներ

Թորբյորն Յագլանդ. «Ավելի լավ է դանդաղ առաջ շարժվել, քան չշարժվել ընդհանրապես»


Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ամփոփիչ ելույթ է ունենում «Հանուն ժողովրդավարության ապագայի» համաժողովում, Երեւան, 21-ը հոկտեմբերի, 2010թ.
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ամփոփիչ ելույթ է ունենում «Հանուն ժողովրդավարության ապագայի» համաժողովում, Երեւան, 21-ը հոկտեմբերի, 2010թ.

«Եթե ժողովրդավարությունը չի կառուցվում արտահայտվելու ազատության հենքի վրա, ապա դա ժողովրդավարություն չէ», - հինգշաբթի օրը Երեւանում հայտարարեց Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:

«Որովհետեւ արտահայտվելու ազատությունը ժողովրդավարության հիմքն է, ճշմարտության մայրը», - «Հանուն ժողովրդավարության ապագայի» համաժողովի ամփոփիչ ելույթում ասաց նա:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` «Ա1+» հեռուստաընկերության հայցով կայացրած վճռով` Հայաստանում խախտված է հենց արտահայտվելու ազատության իրավունքը: Խախտված այդ իրավունքը դեռեւս չի վերականգնվել: Իսկ հայտարարված նոր մրցույթի արդյունքները առաջիկայում հրապարակվելու են, եւ արդեն կան հիմքեր` ասելու, որ եւս մի քանի հեռուստաընկերություն զրկվելու են հեռարձակման իրավունքից: Արդյո՞ք Եվրախորհուրդը հետեւողական չպետք է լինի` պաշտպանելու իր դավանած արժեքները», - ֆորումի ավարտից հետո կայացած ասուլիսում պատասխանելով այս հարցին` Թորբյորն Յագլանդը, մասնավորապես, ասաց. - «Ժողովրդավարությունը գործընթաց է, եւ կարծում եմ` Հայաստանը այդ գործընթացի մեջ է: Եվրախորհուրդը աջակցում է Հայաստանին, որպեսզի ճիշտ ուղղությամբ գնա: Իհարկե, որոշ հարցերում դանդաղում է, բայց ավելի լավ է դանդաղ առաջ շարժվել, քան չշարժվել ընդհանրապես»:

«Այս համաժողովի ընթացքում մի քանի անգամ շեշտվեց, որ այսօրվա նոր իրողությունների պայմաններում նոր մարտահրավերներ կան ժողովրդավարությանն ուղղված: Դուք էլ շեշտեցիք, որ ժողովրդավարական կառույցները պետք է հարմարվեն այդ իրողություններին: Հայաստանը, որ ժողովրդավարության ձեւավորման գործընթացում է, դեռ չի հաղթահարել, այսպես ասած, հին իրողությունները, ինչպե՞ս կարող է հարմարվել նորին», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը արձագանքեց. - «Մենք տեսնում ենք, որ այս երկրում կան խնդիրներ»: Ապա, կարեւոր նշանակություն տալով համաժողովի շրջանակներում սկսված երկխոսությանը, Յագլանդը եզրահանգեց, որ իր կարծիքով` շատ ավելի կարեւոր է քաղաքացիական հասարակությանը երկխոսության մեջ ներգրավելը, քան փողոց դուրս գալը:

Ելույթ ունենալով համաժողովի փակմանը` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ասաց, թե միամիտ կլիներ ենթադրել, որ երեւանյան ֆորումի երեք օրերի ընթացքում հնարավոր էր պատասխաններ գտնել բոլոր հարցերին եւ լուծումներ` բոլոր խնդիրներին. - «Այս գործընթացի արժեքը կայանում է նրանում, ժողովրդավարության խնդիրների շուրջ քննարկումները կրեն շարունակական բնույթ»:

«Ժողովրդավարությունը չի կարող բռնի ուժով ներդրվել», - հայտարարեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը` ընդգծելով, որ անգամ «ժողովրդավարական լավագույն մղումներով ինտերվենցիաները մեծ վնասներ են հասցրել մեր ժողովրդավարական մոդելին»:

Հարությունյանը իր ելույթում ներկայացրեց 14 կետից բաղկացած դիտարկումներ` շեշտելով մի քանի մտահոգող հանգամանք:

Դրանցից մեկի համաձայն, իր ձեւակերպմամբ` «բոլոր պետությունները հավասար են, բայց կան պետություններ, որ ավելի հավասար են»: Հարությունյանը նկատի ուներ այն, որ Եվրախորհրդի հին անդամները նորերի համեմատությամբ պակաս հանձնառություն ու պարտավորություններ ունեն:

Ֆորումի հայաստանյան ներկայացուցիչներից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի համանախագահ Նատալյա Մարտիրոսյանը երեկ աշխատանքային խմբերից մեկում հարց էր հնչեցրել, թե ինչպես է ստացվում, որ եթե Եվրոպայի խորհրդի հիմնադիր երկրներից մեկում ընտրությունների ժամանակ որեւէ տհաճ դեպք է տեղի ունենում, դա դիտվում է որպես «շատ կոպիտ խախտում» եւ անմիջապես կիրառվում են համապատասխան միջոցներ, մինչդեռ անցումային երկրներում դա դիտվում է որպես «հերթական քայլ դեպի ժողովրդավարություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG