Մատչելիության հղումներ

Հայաստանում է Իրանի էներգետիկայի նախարարը


Երկօրյա այցով Հայաստանում է Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուի գլխավորած պատվիրակությունը, որին այսօր ընդունել են վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ վարչապետը, մասնավորապես, ընդգծել է, որ հայ - իրանական հարաբերություններում էներգետիկայի ոլորտը միշտ եղել է առաջատարներից մեկը։

Մաջիդ Նամջուն Տիգրան Սարգսյանին է փոխանցել Իրանի նախագահի եւ ժողովրդի ողջույնները եւ հավաստել իր երկրի պատրաստակամությունը` Հայաստանի հետ ամրապնդելու եւ զարգացնելու հարաբերությունները, մասնավորապես` էներգետիկայի ոլորտում։ Զրուցակիցները քննարկել են երկու երկրների էներգետիկ բնագավառում իրականացվող ծրագրերը, կարեւորել արդեն ընթացքի մեջ գտնվող էներգետիկ խոշորագույն ծրագրերից մեկի` Մեղրի ՀԷԿ-ի կառուցման նախագիծը։

Վարչապետի խոսքերով` քաղաքական համաձայնությունները, որ ամրագրվել եւ ամրապնդվել են երկու երկրների նախագահների միջեւ Իրան - Հայաստան երկաթգծի նավթամթերքների խողովակաշարի կառուցման վերաբերյալ, իրենց գործնական արտացոլումն են գտնում գործակցության միջոցով։ Կարեւորվել է էներգետիկ ոլորտում նախատեսված ծրագրերի ժամանակին իրագործումը։

Էդվարդ Նալբանդյանը Իրանի էներգետիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ կարեւորել է երեկ Իրան - Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության հիմնարկեքի արարողությունը եւ այսօր Երեւանում հայ - իրանական գործարար համաժողովի անցկացումը, որին մասնակցելու նպատակով ժամանել են երկու տասնյակից ավելի իրանական ընկերությունների ներկայացուցիչներ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` զրուցակիցները քննարկել են նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի Իրան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG