Մատչելիության հղումներ

Կարոլոս Պապուլիաս. «Ե’վ հայերը, ե’ւ հույները տուժել են Թուրքիայի կողմից»


Հանդիպման մասնակիցները անդրադարձել են նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հայ - թուրքական հարաբերությունների հարցերին: Պապուլիասը կարեւորել է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակում:Երեկ սկսվել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հունաստան: Աթենքում պատվիրակությանը ընդունել է Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը:

Հունաստանի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ բարեկամական եւ ջերմ հարաբերությունները, ինչը պայմանավորված է նաեւ պատմական ընդհանրությամբ եւ ճակատագրերի նմանությամբ: «Ե’վ հայերը, ե’ւ հույները տուժել են Թուրքիայի կողմից», - Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ասել է Պապուլիասը: Նա ափսոսանք է հայտնել, որ մինչ օրս Թուրքիան ներողություն չի խնդրել հայերից Օսմանյան կայսրության իրականացրած ոճրագործության համար, ինչպես դա արեց Գերմանիան` ներողություն խնդրելով հրեաներից նացիստների իրագործած Հոլոքոսթի համար:

Կարոլոս Պապուլիասը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հունվարին սպասվող այցը Հունաստան է'լ ավելի կամրապնդի երկու երկրների բարեկամական հարաբերությունները եւ կխթանի միջպետական գործակցությունը:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը նույնպես կարեւորում է Հունաստանի հետ հարաբերությունների զարգացումը: Նա ասել է, որ հայ - հունական համագործակցությունը Հայաստանը դիտում է որպես կարեւոր բաղադրիչ եվրաինտեգրման քաղաքականության ընդհանուր համատեքստում:

Հանդիպման մասնակիցները անդրադարձել են նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հայ - թուրքական հարաբերությունների խնդիրներին: Պապուլիասը կարեւորել է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակում:

Հունաստանի խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պետսալնիկոսի հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել հունական խորհրդարանի կողմից 1996 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար:

Ազգային ժողովի նախագահը հույն գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Հրավերը ընդունվել է:

Ֆիլիպոս Պետսալնիկոսը Հովիկ Աբրահամյանին պարգեւատրել է Հունաստանի խորհրդարանի ոսկե մեդալով:

Նախօրեին Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը Նեա Զմիրնիում ծաղկեպսակ եւ ծաղիկներ էր դրել Հայոց ցեղասպանության նահատակների հուշակոթողին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG