Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 7-ի մամուլ


Լաչինի վարչական շրջանի նախկին ղեկավար Ալեքսան Հակոբյանը «168 ժամ»-ին տված հարցազրույցում ասում է. - «Եթե այդ առաքելությունը գա եւ ուզենա իրական վիճակը տեսնել, ապա կհայտնաբերի, որ ազատագրված տարածքների մեծագույն մասում ապրում են Ադրբեջանից հայ փախստականներ, որ նրանք ապրում են հնարավորինս լիարժեք կյանքով: Եվ եթե իրենք չշեղվեն համամարդկային սկզբունքներից, դա պետք է դրական գնահատեն: Քաշաթաղի շրջանում, եւ նախկին Ղուբաթլիի ու Զանգելանի շրջաններում` Քարվաճառում, որը Շահումյանի շրջանի մի մասն է, ապրում են Ադրբեջանից փախստական հայազգի մարդիկ: Նրանց մարդկային կարիքների բավարարումը ոչ միայն Ղարաբաղի, այլ ամբողջ մարդկության ու հատկապես քաղաքական շրջանակների խնդիրն է: Կանի՞ դա այդ խումբը, ուրեմն կասենք, որ նրանք ազնիվ մարդիկ են, չի՞ անի, կասենք՝ անազնիվ մարդիկ են: Մեզ մոտ էլ, Արեւմուտքում էլ կան նման մարդիկ»:Խոսելով ազատագրված տարածքների վերաբնակեցման ծրագրի մասին` Ալեքսան Հակոբյանը նշել է, որ եթե մինչեւ 2003 թվականը այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվել, ապա պետության վերաբերմունքը կտրուկ փոխվել է 2003 թվականից հետո: «2003-ին, երբ պարզ դարձավ, որ ՄԱԿ-ի մոնիտորինգի խումբ է գալու, որը եկավ 2005թ. սկզբներին, հանկարծ Լեռնային Ղարաբաղի պետական այրերի կողմից, հավանաբար՝ համաձայնեցված ՀՀ ղեկավարների հետ, վերաբերմունքի կտրուկ փոփոխություն նկատվեց: Դա անթույլատրելի էր»:

«Առավոտ»-ը հետեւյալ հարցն է ուղղում «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանին. - «Քանի որ միջազգային, մասնավորապես, եվրոպական կառույցները չեն դադարում պահանջել, որ վերականգնվեն «Ա1+»-ի խախտված իրավունքները, իշխանության ներկայացուցիչները նոր փաստարկ են դրել շրջանառության մեջ, թե «Ա1+»-ն այս տարիների ընթացքում առանց խոչընդոտների գործել է` ունի իր կայքէջը, իսկ սեպտեմբերից արդեն իրականացնում է համացանցային հեռարձակում: Ինչպե՞ս եք գնահատում այս փաստարկը»: Մովսեսյանը պատասխանում է. - «Սա ամենահիմար միտքն է, որը կարող էր ծագել նրանց ուղեղներում: Համացանցային հեռարձակման միջոցով «Ա1+»-ն անցկացնում է իր ուժերի փորձարկում: Մենք շատ լրջորեն եւ ակտիվորեն ենք նախապատրաստվում մրցույթին: Քանի որ «Ա1+»-ի մասնագիտական անձնակազմը մշտապես թարմացվում է եւ երիտասարդացվում` մենք այս հեռարձակման միջոցով, կարելի է ասել, նաեւ լրատվական թողարկումների ուսուցում ենք իրականացնում, սրբագրում մեր սխալները եւ այլն: Եվ կարծում եմ, որ հաջողությամբ ենք անում այս ամենը, քանի որ արդեն ձեւավորվել է մեր լսարանը, որը դիտում է մեզ, գրում է մեզ, իր առաջարկներն անում: Այս ամենը հաշվի ենք առնում եւ նախապատրաստվում մեր հիմնական գործին, այն է` հեռարձակման արտոնագրման մրցույթին մասնակցությանը: Եթե ոմանք համարում են, թե «Ա1+»-ը պետք է սահմանափակվի միայն համացանցային գործունեությամբ, խորապես սխալվում են: Կա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հստակ որոշումը հեռուստաեթերում «Ա1+»-ի խախտված իրավունքները վերականգնելու մասին: Եվ թող իրենց հիմարիկների տեղ չդնեն եւ իրենց չպահեն Ձյունանուշիկի պես, որը կարող է շատ հեշտորեն հալչել արեւի ներքո»:

«Հետք» շաբաթաթերթը խմբագրականում գրում է. - «Ներիշխանական եւ ներքաղաքական խմորումները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի կայացրել որոշումը` վերադառնալո՞ւ է «թոշակից» մեծ քաղաքականություն, թե՞ իրականացնելու է միայն բիզնես պրոյեկտներ` դրանք զուգորդելով իր սիրելի որսով: Եթե Քոչարյանը որոշի վերադառնալ, ապա դա անելու է ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջոցով: Ընթացքում հնարավոր է միանան նաեւ այլ մանր-մունր կուսակցություններ: Հայտնի է, որ ինչ-որ մարդիկ պատրաստվում են ստեղծել նման ուժ: Նրանք սպասում են Քոչարյանի հրահանգին»:

Դերասան Գուժ Մանուկյանը «Հրապարակ» թերթում նշում է, որ ներկայիս հայ թատրոնում լուրջ դրամատուրգիան բացակայում է. - «Հիմնականում քաղաքական, հասարակական խնդիրները վեր են հանում հումորով համեմված ներկայացումները, ինչպես, օրինակ, Վարդան Պետրոսյանի ներկայացումներն են, որոնցում ժողովրդի ցավոտ կողմերը եւ ակնկալիքներն են բարձրացվում: Այս ամենի մեջ, իհարկե, հասարակությունն էլ իր դերն ունի, բայց հայտնի ասացվածք կա, որ թատրոնը պետք է չիջնի հանդիսատեսի մակարդակին, այլ պետք է հանդիսատեսին բարձրացնի իր մակարդակին: Դժբախտաբար, հիմա եթերն ու թատրոնները ողողված են այնպիսի սերիալներով ու ներկայացումներով, որոնք հանդիսատեսին սովորեցրեցին ավելի թեթեւ ժանրերին: Այն հանդիսատեսի մոտ, որին ժամանակին հեռուստաթատրոնը կարողացել էր իր մակարդակին բարձրացնել, երբ բոլորը սպասում էին երանելի երկուշաբթի օրերին, որպեսզի նայեն այս կամ այն բեմադրությունը, լավ գործերի նկատմամբ պահանջարկը պակասել է: Դժբախտությունը հենց այն է, որ չենք կարողանում բարձրացնել, իսկ բարձրացրածը կամաց-կամաց իջեցնում ենք` փոխանակ հակառակը լինի»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG