Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 2-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Իմ ունեցած տեղեկություններով, օլիգարխների` պատգամավոր դառնալու հնարավորությունները սահմանափակելու ծրագրեր «վերեւներում», կարծես թե, մշակվում են: Ինքնին դա դրական երեւույթ է: Բայց դա իր հետ բերելու է նաեւ որոշ խնդիրներ: Ենթադրենք, համամասնական ցուցակում կամ մեծամասնական կարգով առաջադրվում են ոչ թե Մապի Ալիկը, Սասի Արտակը կամ Բելաջոյի Գրիշը, այլ նրանց կողմից «գործուղված» եւ նրանց փողերով քարոզչություն անող բարետես, գրագետ, լեզուներ իմացող ակնոցավոր երիտասարդներ, որոնք վաղօրոք ընտրվել են նախագահականում: Եթե ոչ քաղաքացիական, ապա գեղագիտական առումով նման փոխարինումը, ինչ խոսք, ողջունելի է: Սակայն արդյոք հե՞շտ է դա իրագործել: Արդյոք նույն «ջիգյարով» են փողերը բաժանվելու ընտրողներին, նո՞ւյն խանդավառությամբ են քրեականները ուղարկվելու տեղամասեր` լցոնումներ կատարելու եւ ընդդիմադիրների ներկայացուցիչներին «չեզոքացնելու» նպատակով: Արդյոք «այն տղայի համար» (за того парня) օլիգարխներն աշխատելու են նո՞ւյն խանդավառությամբ, ինչպես կաշխատեին իրենց համար: Եթե այո, ուրեմն, որքան էլ դա ցինիկ հնչի` մի քայլ ճիշտ ուղղությամբ, այնուամենայնիվ, կարվի»:

Վերլուծաբան Էդգար Վարդանյանը «Կապիտալ»-ին ասում է. - «ԲՀԿ – ՀՀԿ լարվածությունը հետեւանք է ներկայիս քաղաքական համակարգի, որն ունի որոշակի յուրահատուկ կանոններ։ Այսօր վերնախավում գտնվող որոշակի քաղաքական ուժեր տեսնում են, որ փորձ է արվում ամենաազդեցիկ իշխանական քաղաքական խմբի կողմից փոխել այդ կանոնները եւ համակարգը ենթարկել որոշակի տրանսֆորմացիայի, իսկ այդ փոփոխության միտումը համակարգի ներսում չի կարող չբերել որոշակի գործընթացների առաջացման։ Այդ գործընթացներին կարելի է տալ նաեւ «պառակտիչ գործընթացներ» անունը։ Սա բնական է, քանի որ եթե փորձում ես իշխանությունն առավել կենտրոնացնել մեկ խմբի ձեռքում, դարձնել ավելի ավտորիտար, ապա որոշ մարդիկ, որոնք այսօր ունեն հստակ իշխանական եւ տնտեսական լծակներ, կարող են խաղից դուրս մնալ, կորցնել իրենց իշխանության տակ եղող լծակները»: Լրագրողը հարցնում է. - «Հավանական համարո՞ւմ եք, որ ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից եւ դառնա ընդդիմություն»։ Պատասխան. - «Չեմ կարծում, որ այդ սցենարը կաշխատի, քանի որ այսօր քաղաքական դաշտում իրավիճակը բավական տարբեր է նախորդ քաղաքական իրավիճակներից։ Ընդդիմադիր դաշտը՝ որպես այդպիսին, զբաղված է հիմնական քաղաքական ուժով, եւ ընդդիմադիր էլեկտորատն այսօր իշխանական որեւէ ուժի այլեւս չի կարող դիտարկել որպես ընդդիմություն»։

«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Մինչ միջազգային կազմակերպությունները զեկուցեցին ու համազեկուցեցին, որ Հայաստանի տնտեսական զարգացմանը խոչընդոտող առաջնային գործոնը մենաշնորհների համակարգն է, մինչ այս առիթով տարբեր մակարդակի քննարկումներ են տեղի ունենում, մենաշնորհացման գործընթացը Հայաստանում շարունակվում է : Տվյալ պահին ամենեւին էլ նկատի չունենք այս կամ այն օլիգարխին պատկանող այս կամ այն օբյեկտի վաճառքը իր նման մեկին: Շատ ավելի վտանգավոր են այն պրոցեսները, որ տեղի են ունենում հողագործության ասպարեզում: Ամեն տարվա հետ գյուղացիների համար ավելի ու ավելի դժվար է դառնում աճեցրած բերքը ձեռնտու ձեւով վաճառելը, ինչը նշանակում է, որ նրանք դանդաղ սկսում են հրաժարվել հողագործությունից: Իսկ հողագործությամբ չզբաղվող գյուղացուն հող պետք չէ, եւ նա պիտի վաճառի այն` կամ Ռուսաստան մեկնելու, կամ պարտքերը փակելու համար: ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական գյուղապետերի մեծ մասն, ըստ այդմ, վարելահողերի եւ բերքատու այգիների վաճառքով զբաղվող բրոկերների են վերածվել, ովքեր համապատասխան օղակների դաբրոյով հուսալքված գյուղացիների եւ նրանց հողերը գնող օլիգարխների միջեւ միջնորդ են հանդիսանում»:

«Հայոց աշխարհ»-ը զրուցել է Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ: Լրագրողը հարցնում է. - « ՀԱԿ-ի առանձին գործիչներ եւ նրանց սատարող լրատվամիջոցները խիստ ցավագին արձագանքեցին ապագա խորհրդարանում Հանրապետականի մեծամասնություն ստանալու վերաբերյալ կանխատեսումներին՝ շտապելով ահազանգել, որ ընտրությունները կեղծվելու են, քանզի ՀՀԿ-ն իբր հաղթելու որեւէ շանս չունի»։ Պատասխան. - «Ինչի՞ վրա է հիմնված այդ ենթադրությունը։ ՀՀԿ-ն հե՞տ է կանգնել իր ծրագրերից, ժամանակին չի՞ վճարել թոշակները, աշխատավարձերը եւ նպաստները։ Ակնհայտ է, որ նույնիսկ ճգնաժամի պայմաններում կառավարությունը կարողացավ կատարել իր սոցիալական ծրագրերը, որ նախանշել էր որպես հիմնական առաջնահերթություն։ Իսկ ի՞նչ է արել ՀԱԿ-ը։ Ամբողջ ամառ հանգստացել է, միջազգային կառույցներից, «մեծ եղբայրներից» նեղացած՝ մատը մատին չի խփել, բացի հայտարարություններ, դեպքից դեպք՝ միտինգներ անելուց, որեւէ ռեալ քայլ չի կատարել։ Ի տարբերություն ՀԱԿ-ի, մենք մեր խնդիրները փորձում ենք լուծել երկրի ներսում, մեր ուժերով եւ մեր ունեցած միջոցներով»։

«Հրապարակ»-ը զրուցել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ: Նա տեղեկացրել է, որ վերլուծելով ներկա իրավիճակը, հանգել են այն եզրակացությանը, որ Հանրապետական կուսակցությունը նորից մեծամասնություն է կազմելու Ազգային ժողովում: Լրագրողը հարցնում է. - «Հետաքրքիր է իմանալ` Հանրապետականն ի՞նչ է արել ժողովրդի համար երկու-երեք տարում, որ ժողովուրդն իրեն թույլ տա մեծամասնություն կազմել»: Պատասխան. - «Ինչ արել է, Հանրապետականն է արել: Դուք կարող եք բացասական գնահատել, մեկը` դրական, դրա համար էլ ընտրություններ կան»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG