Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 29-ի մամուլ


«Ժամանակ»-ի առաջնորդող հոդվածում կարդում ենք. - «Երեկ իշխանությունը մեկտեղ է հավաքել Հայաստանի արվեստի եւ մշակույթի, այսպես ասած, վաստակավոր գործիչներին, որոնց հետ հանդիպել է Սերժ Սարգսյանը: Թե հատկապես ո՞րն է այդ հանդիպման բուն նպատակը, առիթը կամ պատճառը, այդպես էլ պարզ չեղավ: Սակայն երեւի թե այդ հանդիպման մեջ առանձնահատուկ խորություններ փնտրել պետք չէ: Բանն այն է, որ մեկուկես տարի անց ընտրություններ են, եւ դրանից առաջ իշխանությունը պարզապես որոշել է գույքագրում կատարել, այսպես կոչված, արվեստի եւ մշակույթի վաստակավորների շրջանակում, տեսնել, թե ով կա, ով չկա, ումից ինչ է մնացել, ով կարող է պետք գալ առաջիկա ընտրաշրջանի ընթացքում: Չէ՞ որ, այսպես ասած, արվեստի ու մշակույթի այդ վաստակավոր գործիչները Հայաստանում վաղուց ի վեր վաստակում են իշխանությանը զանազան ծառայություններ մատուցելու գնով, հատկապես ընտրական շրջաններում»:

«Հայոց Աշխարհ»-ը գնահատում է ղարաբաղյան վերջին զարգացումները. - «Հայ-ռուսական ու ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի վերջին հանդիպումներից հետո Ադրբեջանի ու Հայաստանի դիմակայության հերթական ասպարեզը դարձած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կողմերը այնպիսի կարծր ելույթներ ունեցան, որ 2010 թվականի դեկտեմբերին սպասվող ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովից առաջ, թվում է, նրանց մոտեցումների կոշտացման միտումն անկասելի է։ Ակնհայտ է դառնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի քաղաքական բաղադրիչի թուլացումը եւ, հակառակը, քարոզչության նկատելի ուժեղացումը, ինչը օբյեկտիվ հետեւանք է տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումների։ Պատճառն այն է, որ մինչեւ ներկա ամռան վերջը Ադրբեջանն ուներ հստակ մարտավարություն։ Այն է՝ սրել իրավիճակը դիմակայության գոտում, հասցնել պատերազմականի եզրին, միջնորդներին կանգնեցնել Հայաստանի «ձեռքերը ոլորելու» կամ պատերազմի սանձազերծման երկընտրանքի առաջ։ Այդ հարցերում որոշակի դերակատարություն էր վերապահվել նաեւ Թուրքիային՝ Հայաստանի ձեռքերի ազատությունը կաշկանդող «Նախիջեւանի գործոնի» խաղարկման միջոցով։ Այսինքն՝ մենք գործ ունեինք ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանում իրենց շահերն ունեցող տերությունների հանդեպ գործադրվող բացահայտ շանտաժի հետ։ Դրությունը փոխվեց հայ-ռուսական ու ռուս-ադրբեջանական վերջին հանդիպումների, դրանց արդյունքների շուրջ Միացյալ Նահանգների ցուցաբերած ընդհանուր առմամբ հավասարակշռված դիրքորոշման հետեւանքով։ Այժմ Ադրբեջանի հոխորտանքները քաղաքական հարթությունից փաստորեն տեղափոխվել են քարոզչական ոլորտ, ինչը դրսեւորվում է ինչպես Ղարաբաղում իրականացվող դիվերսիաների հաճախականության, այնպես էլ պատերազմի սպառնալիքների թվի ու, ամենակարեւորը, բովանդակության էրոզիայի տեսքով։ Այժմ նման քայլերը կամ խիստ ընդհանուր, կամ էլ հստակորեն նախընտրական բովանդակություն ունեն»։

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Բնապահպանները պնդում են, որ գյուղնախարարությունը կեղծում է անտառի վերաբերյալ տվյալները, եւ իրականում այսօր Հայաստանի տարածքի ոչ թե 11.2 տոկոսն է անտառածածկ, այլ ընդամենը 7.5 տոկոսը (2006 թվականի տվյալներով): Նրանք պնդում են նաեւ, որ եթե անտառների ոչնչացումը շարունակվի նույն տեմպերով, արդեն 2020 թվականին Հայաստանում անտառներ չեն լինի: Սա, իհարկե, ահավոր փաստ է, բայց շատ ավելի ահավոր է այն, որ փորձի համար այս փաստը ներկայացրեցինք 8 հոգու, եւ նրանցից 7-ի արձագանքը բառացիորեն նույնն էր. «2020-ին Հայաստանում մա'րդ չի մնալու, ուր մնաց` անտառ» : Իրականում պատկերը, իհարկե, այդքան ահավոր չէ: Եթե արտագաղթը շարունակվի վերջին ամիսների տեմպերով, վերջին մարդը Հայաստանից կհեռանա 34 տարի հետո: Այսինքն` եթե «ֆորսմաժորային» իրավիճակներ չլինեն, Հայաստանը դեռ 34 տարի բնակչություն կունենա»:

«Առավոտ»-ը «Օմբուդսմենը գտավ «բարեփոխիչներին» վերնագրի ներքո անդրադառնում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի լրամշակման նպատակով ստեղծվող աշխատանքային խմբում ներկայացուցիչներ առաջարկելու խնդրանքով Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին, տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին, Հանրային հեռուստատեսության տնօրեն Գագիկ Բունիաթյանին եւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հղած դիմումին: «Կասկած չկա, որ վերը թվարկված չինովնիկների ներկայացուցիչները ջանք ու եռանդ չեն խնայի օրենքն այնպես լրամշակելու համար, որպեսզի այն լիովին ապահովը խոսքի ազատությունը հեռուստա եւ ռադիոեթերում», - հեգնում է թերթը:

«Արմավիա» ընկերության բաժնետոմսերի` առաջիկայում հնարավոր վաճառքի մասին լուրերը դրա սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը գնահատում է որպես «լիարժեք անհեթեթություն» եւ իրականության չհամապատասխանող: Բաղդասարովի այդ կարճ պատասխանը «Հայկական ժամանակ» թերթին են փոխանցել «Արմավիա»-ի մամուլի ծառայությունից: Թերթը հիշեցնում է, որ իշխանական շրջանակներում վերջերս համառ լուրերն են շրջանառվում այն մասին, որ Սերժ Սարգսյանի փեսա եւ աշխատակազմի փոխղեկավար Միքայել Մինասյանը մտադիր է Բաղդասարովից գնել «Արմավիա»-ի բաժնետոմսերը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG