Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում կառաջադրվի Սամվել Բալասանյանի թեկնածությունը


«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությունը երկուշաբթի օրը կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ անցկացված քաղխորհրդի նիստում որոշել է առաջադրել Սամվել Բալասանյանի թեկնածությունը` Ազգային ժողովի փոխնախագահի թափուր մնացած պաշտոնում:

Այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Նա նշեց, որ խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածուի առաջադրումը եղել է օրակարգի միակ հարցը:

Կոալիցիոն համաձայնությամբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը վերապահված Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը թափուր էր մնացել Արեւիկ Պետրոսյանի անցյալ շաբաթ ներկայացրած հրաժարականից հետո: Այս տեղի հավակնորդների շարքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից երեք պատգամավորի անուն էր շրջանառվում` Արամ Սաֆարյան, Վարդան Բոստանջյան եւ Սամվել Բալասանյան:

Ազգային ժողովի պաշտոնական կայքում տեղադրված Սամվել Բալասանյանի կենսագրության մեջ նշված է, որ նա մասնագիտությամբ սննդի տեխնոլոգ է, աշխատել է Գյումրիի գարեջրի գործարանում որպես բանվոր, ապա` տնօրեն:

2003-2007 թվականներին Բալասանյանը ղեկավարել է «Օրինաց երկիր» խմբակցությունը: Այնուհետեւ, կուսակցությունից դուրս գալուց հետո 3 տարի անկախ պատգամավորների ցանկում էր ընդգրկված: Արդեն 6 ամիս է` Սամվել Բալասանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ է:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մեկնաբանելով կուսակցություններ փոխելու փաստը, Սամվել Բալասանյանը, մասնավորապես, ասաց. - «Կան սկզբունքներ, եւ ես իմ սկզբունքներին միշտ տեր եմ կանգնել, հիմա էլ տեր եմ կանգնելու եւ աշխատելու եմ նվիրյալի կարգավիճակով: Այդպիսին է իմ բնավորությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG