Մատչելիության հղումներ

TEDx Yerevan կամ գաղափարներ «Սահմաններից անդին»


Խանդավառ կազմակերպիչներ, ոգեւորված ու հուզված խոսնակներ, պատրաստակամ, բայց պահանջկոտ հանդիսատես` միավորված «Գաղափարներ, որոնք արժե տարածել» կարգախոսի ներքո, խոսեցին ու լսեցին անգլերեն: Սեպտեմբերի 25-ին Երեւանում կայացավ վիրտուալ դաշտում առավել հայտնի, բայց ամենաիրական TEDx առաջին կոնֆերանսը:

Հայաստանում եւ ողջ Հարավային Կովկասում անցկացված առաջին TEDx կոնֆերանսի խոսնակներից Սոնա Հովհաննիսյանը հրավիրված 200 ներկաներին պատմեց, թե ինչպես դաշնակահարի իր մասնագիտությամբ այժմ զբաղված է մենեջմենթի ոլորտում: Սոնան իր ելույթն անվանել էր «Մենեջմենթի մասին իմ իմացածը երաժշտությունն է»` փորձելով բացատրել, որ կյանքում երբեւէ մեր ստացած գիտելիքն ու փորձառությունը ապարդյուն չեն, այլ կարող են վերափոխվել ավելի արդյունավետ մի ուժի:

Լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանն էլ կիսեց շատ անձնական մի պատմություն, թե ինչպես էին մոտ 10 տարի առաջ բժիշկները նրա մոտ թոքերի քաղցկեղ հայտնաբերել եւ ընդամենը 10 օրվա կյանք կանխատեսել: Ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանը իր գալիք ֆիլմի պատմությամբ ներկայացրեց իր պատկերացրած «երջանկության բանալին», իսկ գյումրեցի Աննա Յեղոյանը իր փորձով պնդեց, որ «Երիտասարդներն իսկապես կարող են փոխել աշխարհը»:

Բեմից գաղափարներ հնչեցնողները միայն հայսատանցիներ չէին, այլ նաեւ սփյուռքահայեր ու այլազգիներ` այդ թվում անգամ այնպիսիք, ովքեր Երեւան այցելել էին հաշված ժամերով` հատուկ Tedx-ին մասնակցելու համար: Ֆրեզնոյում ծնված եւ այժմ Հայաստանում հաստատված Փոլա Դեւեջյանը փոքրիկ թխվածքաբլիթներ հյուրասիրեց ներկաներին ու փոխանցեց դիզայնի կատարելության իր տեսակետը, իսկ Հայաստանում Նորվեգիայի եւ Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրեյթը «Որտեղ է Եվրասիան» խորագրով իր ինտերակտիվ ելույթում խոսեց աշխարհագրական զանազան բաժանումների, խմբավորված անվանումների եւ իրականության անհամապատասխանության մասին:

Երեւանում TEDx իրականացնելու հարցում մեծ էր ամերիկահայ մի երիտասարդի` Ալեքսիս Օհանյանի դերը, ով լինելով հանրահայտ reddit սոցիալական ցանցի համահեղինակներից մեկը, առիթ էր ունեցել TED-ի հիմնական կոնֆերանսներից մեկի խոսնակը լինել եւ պատմել իրենց այդ գաղափարի մասին

TEDxYerevan-ին մասնակցող 200 հանդիսատեսները բացառապես հրավիրված էին. միջոցառման կանոններն են թելադրում անցկացնել փակ հանդիպում` հատուկ հետաքրքրվածների համար: Այս դեպքում կազմակերպիչները փորձել էին ներգրավել հայկական վիրտուալ տիրույթում, ինչպես նաեւ տարբեր հասարակական շերտերում առավել աչքի ընկած, հիմնականում երիտասարդների: Վերջիններս, ընդհանուր առմամբ, գոհ էին, որ TED-ը Երեւան նույնպես այցելեց, թեեւ շատերը չէին արդարացնում գաղափարների ընտրությունը:

Երեւանյան TEDx-ի գլխավոր կազմակերպիչը Սիվիլիթար հիմնադրամն էր: Վերջինիս տնօրեն, կոնֆերանսը վարող Սալբի Ղազարյանը բացատրեց, որ իրենք ստացել են ներկայացվածից առնվազն կրկնապատիկ ավելի գաղափարներ, որոնցից էլ ընտրություն են կատարել: Այդ հարցում կարեւոր խնդիր է եղել լեզվի` անգլերենի իմացությունը: Հավատում են, որ առաջիկայում կունենան ավելի փորձված TED իրադարձություններ` դրանցից ամենամոտը` TEDx Yerevan Women դեկտեմբերին:

TEDx Yerevan-ի երիտասարդ խոսնակներից Սոնա Հովհաննիսյանն այսուհետ մշտապես յուրատեսակ պատասխանատվություն է զգալու առնվազն 200 մարդու նկատմամբ, ում հետ համարձակվեց կիսել իր փորձը:

XS
SM
MD
LG