Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահների Դաշտային առաքելությունը կմեկնարկի հոկտեմբերի 4-ին


Եվրոպայում համագործակցության եւ անվտանգության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները պաշտոնապես հրավիրել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի փորձագետներին՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում հոկտեմբերին մեկնարկող Դաշտային գնահատման առաքելությանը։

Համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ,) Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) շաբաթ օրը Նյու Յորքում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. - «Սեպտեմբերի 23-ին համանախագահները Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ։ Երկու հանդիպումներին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը»։

ԵԱՀԿ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ համանախագահները երկու արտգործնախարարներին տեղեկացրել են Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում 2010 թվականի հոկտեմբերի 4-14-ը իրենց կողմից անցկացվելիք Դաշտային գնահատման առաքելության նախապատրաստական աշխատանքների մասին։

Ժնեւում եւ Նյու Յորքում ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքում համանախագահները ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) փորձագետներին պաշտոնապես հրավիրել են մասնակցելու Դաշտային առաքելությանը։

Բացի այդ, համանախագահները արտգործնախարարների հետ համաձայնեցրել են առաջիկա ամիսների իրենց աշխատանքային ծրագրերը, այդ թվում՝ Աստանայում ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG