Մատչելիության հղումներ

Համանախագահները հանդիպել են Էդվարդ Նալբանդյանի հետ


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Երեւան, 9-ը սեպտեմբերի, 2010թ.
Տարածաշրջանային այցի շրջանակներում երեկ երեկոյան Ստեփանակերտից Երեւան ժամանած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին այսօր ընդունել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` համանախագահները Էդվարդ Նալբանդյանին են ներկայացրել նախորդ օրերին Բաքվում եւ Ստեփանակերտում Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ իրենց քննարկումների արդյունքները:

Նալբանդյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցությունը խաղաղ կարգավորման բանակցություններին «անհրաժեշտություն է եւ զգալիորեն կնպաստի հիմնախնդրի կարգավորմանը»:

Քննարկվել են ադրբեջանա - ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած սադրանքները եւ դրանց հնարավոր հետեւանքները բանակցային գործընթացի եւ հակամարտության գոտում իրադրության վրա, ինչպես նաեւ առաջիկա անելիքները, բանակցությունների շարունակումը մադրիդյան առաջարկությունների հիման վրա:

Շուրջ մեկ ժամ տեւած բանակցությունների ավարտին համանախագահները հրաժարվեցին որեւէ մեկնաբանությունից:

«Դուք գիտեք, որ մենք երբեք չենք խոսում, քանի դեռ չենք հանդիպել Ձեր նախագահի հետ: Իսկ դա տեղի կունենա այսօր ավելի ուշ` ճաշից հետո», - նշեց Բերնար Ֆասիեն:

Հունիսին կայացած հայ-ադրբեւանական վերջին բանակցություններից հետո, հիշեցնենք, Մինսկի խմբի համանախագահները երկու անգամ հանդես եկան հայտարարություններով` քննադատելով ղարաբաղյան հակամարտության կողմերին առկա տարաձայնությունների հաղթահարման ուղղությամբ բավարար ջանքեր չգործադրելու համար եւ հորդորելով «խստորեն պահպանել հրադադարի մասին համաձայնագրի դրույթները»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG