Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳՆ. «Ադրբեջանը փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը»


Ադրբեջանը փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը ղարաբաղյան բանակցային գործընթացի հիմնական խնդրից, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Վերջին տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների եւ արտաքին գործերի նախարարների, ԵԱՀԿ անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով ընդունվել են մի շարք հայտարարություններ, որտեղ սեւով սպիտակի վրա նշված է բանակցային գործընթացի հիմնական խնդիրը, որից Ադրբեջանը անհաջող կերպով փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը, այն է` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ինչը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակչության` իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության ճանապարհով», - արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն` ասել է Տիգրան Բալայանը:

Մեկնաբանելով Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հայտարարությունը, թե Հայաստանի նախագահը մերժել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների առաջարկները եւ «ցանկանում է բանակցություններում առաջընթացի բացակայության համար մեղքը գցել Ադրբեջանի վրա», Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը ընդգծել է, որ Ազիմովը «երբեք չի մասնակցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով գլխավոր հանդիպումներին եւ բանակցությունների բովանդակության մասին գիտի միայն լսելով»:

«Ակնհայտ է, որ պարոն Ազիմովին իր ղեկավարությունը գիտակցաբար խաբում է, որպեսզի նա շարունակի առավել վստահ մոլորության մեջ գցել իր երկրի հասարակական կարծիքը», - հայտարարել է Տիգրան Բալայանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG