Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը կոչ է անում ակտիվացնել Ղարաբաղյան բանակցությունները


Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Բաքվում, 3-ը սեպտեմբերի, 2010թ.
Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Բաքվում, 3-ը սեպտեմբերի, 2010թ.

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ուրբաթ օրը Բաքվում հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով հանդիպումների ակտիվացման օգտին:

«Այդ ջանքերը [բանակցությունները] արդյունք են տալիս: Ակտիվությունը չպետք է նվազի: Ռուսաստանը պատրաստ է պարտականությունները կատարել Մինսկի խմբի շրջանակներում եւ որպես հարեւան: Ես պատրաստ եմ, որպեսզի շփումները շարունակվեն, պատրաստ եմ քննարկել ամենաբարդ հարցերը, որ մնում են», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Դմիտրի Մեդվեդեւը ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ` Մեդվեդեւը Բաքվում հավաստիացրել է նաեւ, որ Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելու որոշման մեջ Ադրբեջանի համար «որեւէ ստորջրյա քարեր» չկան:

«Ռուսաստանի համար շատ կարեւոր է Կովկասում կայունության պահպանումը», - ասել է նա: - «Մենք շահագրգռված ենք, որպեսզի այստեղ լինի խաղաղություն եւ կարգուկանոն: Հենց այդ տեսանկյունից էլ պետք է դիտարկել Գյումրիում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ժամկետների երկարաձգման մասին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համաձայնությունը: Որեւէ ստորջրյա քարեր, այլեւայլ նկատառումներ գոյություն չունեն»:

Ռուսաստանի նախագահի խոսքերով` «ռազմակայանը Հայաստանում գոյություն ունի, որպեսզի պահպանվի կայունությունը, որպեսզի գոյություն ունեցող բարդությունները նվազեն»:

«Դրանից էլ մենք ելնելու ենք կնքված համաձայնության շրջանակներում», - ընդգծել է Մեդվեդեւը` հավելելով, որ տվյալ հարցը մանրամասն քննարկվել է Ալիեւի հետ բանակցություններում:

«Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ 6 եռակողմ հանդիպում է տեղի ունեցել։ Սա աննախադեպ է», - ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ շնորհակալություն հայտնելով Դմիտրի Մեդվեդեւին Ղարաբաղի կարգավորման հարցում ակտիվ դերակատարության համար։ - «Նախկինում համանախագահ երկրների ղեկավարները երբեք նման ակտիվություն ու արդյունավետություն չեն ցուցաբերել։ Դմիտրի Մեդվեդեւի շնորհիվ արվել են այնպիսի քայլեր, որոնք մոտեցրել են կողմերի դիրքորոշումները։ Ես խորապես համոզված եմ, որ Մեդվեդեւի մասնակցությունը բանակցություններին շատ դրական դեր է խաղում», - հավելել է Իլհամ Ալիեւը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG