Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 2-ի մամուլ


Ղարաբաղյան ռազմական գործողությունների մասնակից, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը «Հրապարակ»-ում գրում է. - «Հայ-ռուսական պայմանագիրը, որ ստորագրեցին Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Անատոլի Սերդյուկովը, տարածվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքի վրա, որը համաշխարհային հանրության, այդ թվում Ռուսաստանի, ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի կողմից ճանաչված է: Իսկ Ղարաբաղը Հայաստանի սահմաններից դուրս է, այսինքն, այս պայմանագիրը որեւէ կերպ չի առնչվում Ղարաբաղին, դրա համար էլ Ադրբեջանն այժմ իրեն նման կերպ է պահում եւ ագրեսիվ գործողություններ է իրականացնում ցամաքում: Այնպես է ստացվում, որ Ղարաբաղը պետք է ինքնուրույն պաշտպանվի, բնականաբար, Հայաստանը պետք է աջակցի նրան: Ես ուզում եմ ասել, որ Ադրբեջանի կողմից վերջին պրովոկացիայի նման պրովոկացիաներ միշտ էլ եղել են, եւ մեր կողմից դրանք համարժեք վերաբերմունքի չեն արժանացել: Շատ լավ է, որ այսօր զանգվածային լրատվամիջոցները լայնորեն անդրադառնում են դրան, բայց գոյություն ունի նաեւ արտաքին գործերի նախարարություն: Ցավոք, չգիտեմ, թե ով կարող է տալ այն գնահատականը, թե ինչպես է այն աշխատում, բայց մենք՝ Հայաստանի հասարակ քաղաքացիներս, արդյունք չենք տեսնում»:

«Ժամանակ» թերթում կարդում ենք. - «Սեպտեմբերի 9-ին, ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում պետք է քվեարկության դրվի «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագիծը: Նման մի բանաձեւ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում ընդունվել էր 2008-ի մարտին: Այն, որ ադրբեջանական կողմը այդ ուղղությամբ համառորեն աշխատում է, դա թերեւս գաղտնիք չէ: Մինչդեռ տրամաբանական հարց է ծագում` իսկ ի՞նչ է անում հայկական կողմը: Ընդ որում` հարցը, թերեւս, երկու կողմ ունի. մեկ` ինչո՞ւ դեռեւս նախապատրաստական փուլում հայկական կողմը չի կարողացել կանխել բանաձեւի նախագծի մուտքը Գլխավոր ասամբլեայի օրակարգ (եթե, իհարկե, նախապես տեղեկացված է եղել այդ մասին) եւ ի՞նչ է անում հիմա, որպեսզի այն չընդունվի: Հարցի առաջին մասի պատասխանին, թերեւս, արդեն ականատես ենք եղել, իսկ երկրորդ մասի պատասխանը կիմանանք սեպտեմբերի 9-ի քվեարկության ժամանակ: Գուցե եթե հայկական կողմը ընդհանրապես չաշխատեր, ինչպես որ չաշխատեց 2008-ին, բանաձեւի նախագիծը մեզ համար ավելի «լավը» լիներ: Այն ժամանակ հայկական դիվանագիտության ողջ ծաղկաբույլը, ինչպես հայտնի է, ձեռուոտ ընկած փորձում էր արդարացնել մարտիմեկյան սպանդն ու կեղծված ընտրությունները: Արդյունքում ունեցանք բանաձեւ, որտեղ խոսվում է Ադրբեջանի «օկուպացված տարածքների» մասին, բանաձեւ, որին կողմ քվեարկեցին 39 երկիր, ձեռնպահ` 100-ը, 47-ը չմասնակցեց քվեարկությանը եւ դեմ քվեարկեց 7-ը: Դեմ քվեարկածների թվում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` ԱՄՆ-ն, ՌԴ-ն եւ Ֆրանսիան, Հայաստանը, Անգոլան, Հնդկաստանը եւ Վանուատուն»:

«168 ժամ»-ը հարցազրույց է վերցրել Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանից: «Ես նկատել եմ հստակ մի բան. վերաբնակեցումը որպես քաղաքականություն չաշխատեց` մեր մենթալիտետից ելնելով: Մի կողմից` վերաբնակչի ակնկալիքները չարդարացվեցին, որովհետեւ նա ինչ-որ տեղ իրեն համարում էր զինվոր, եւ պետք է արժանանար բոլորի ուշադրությանը: Ես չեմ գտնում, որ դա ճիշտ է: Մյուս կողմից` Լեռնային Ղարաբաղի բնակչությունը չկարողացավ հասկանալ, թե ինչպիսի հզոր ուժ է վերաբնակիչը: Նա պետք է նպաստեր Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, որ տեղի ունենար ոչ թե վերաբնակեցում, այլ տարաբնակեցում, այսինքն` «Որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքը», - ասում է Աղաբեկյանը:

Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի հարցերին` պատգամավոր (ՀՀԿ) Գագիկ Մելիքյանը նշում է. - «Կարծում եմ, սեպտեմբերի 17-ի հանրահավաքը կլինի ՀԱԿ-ի հերթական հիասթափությունը։ Ամբոխավարության ժամանակներն անցել են, եւ ժողովուրդը փողոց դուրս գալուց առաջ նայում է՝ ում հետեւից պետք է գնա, ովքեր են կազմակերպիչները, ինչ են առաջարկում։ Այսօր ՀԱԿ-ի մեջ չեմ տեսնում մեկին, որի հետեւից ժողովուրդը պատրաստ է գնալ։ Ավելին՝ դեպքից դեպք կազմակերպվող այդ միջոցառումներին ժողովուրդ չի հավաքվում՝ ընդամենը «պրոֆեսիոնալ ցուցարարների» մի ամբոխ։ Անկեղծ ասած, չեմ կարծում, թե այնտեղ ֆանատիկոսներ կան։ Ֆանատիկոսներ չեմ տեսնում նույնիսկ կազմակերպիչների շրջանում։ Տեսնում եմ իշխանության համար պայքարի ելած մի խումբ մարդկանց, որոնց մի անգամ տեսել ենք իշխանության ղեկին եւ չենք մոռացել. ի տարբերություն իրենց, որ «մոռացել» են եւ փորձում են մոռացության տալ իրենց գործունեության «արդյունքները», մենք իրենց արածները չենք մոռացել»։

«Չորրորդ ինքնիշխանություն»-ում կարդում ենք. - «Միջազգային փորձագիտական գնահատականների համաձայն, աշխարհի 10 հազար համալսարանների շարքում Երեւանի պետական համալսարանը զբաղեցնում է 4826-րդ տեղը եւ զիջում է անգամ Բաքվի համալսարանին: Նման «փորձագիտական գնահատականների» հեղինակները երեւի տեղյակ չեն, թե հատկապես ինչ բուսատեսակների վրա էին ցատկոտում այլ ազգերը, երբ մենք համալսարաններ ունեինք: Եվ ընդհանրապես` նրանք ճիշտ կանեին, եթե գնահատման հիմքում ոչ թե կրթության որակը դնեին, այլ, ասենք, տվյալ համալսարանի խորհրդի նախագահի անձնական կարողությունը կամ «ախրաննիկների» թիվը, դասախոսների եւ ուսանողների ջիպերի քանակը, պրոֆեսորադասախոսական կազմի որովայնների միջին տրամագիծը եւ այլն: Այդ դեպքում, հավատացնում ենք, Հայաստանի մայր բուհը տեղ կգրավեր աշխարհի լավագույն համալսարանների առաջին տասնյակում: Իսկ ընդհանրապես, 4826-րդը լինելը նույնպես վատ չէ: Փաստորեն, ավելի վատերն էլ կան»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG