Մատչելիության հղումներ

Նովրուզ Մամեդովը կասկածի տակ է առնում Ռուսաստանի անաչառությունը Ղարաբաղի հարցում


Նովրուզ Մամեդով
Նովրուզ Մամեդով

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը կասկածի տակ է առել Ռուսաստանի անաչառությունը որպես ղարաբաղյան կարգավորման միջնորդ:

APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարելով, թե Ադրբեջանին «մեծ անհանգստություն չի պատճառի» Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման վերաբերյալ համաձայնությունը, Մամեդովը հավելել է. - «Բանն այն է, որ այդ ստատուս քվոն գոյություն ուներ նաեւ նախկինում, այսինքն` Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում նախատեսված է նման փոխադարձ ռազմական օգնություն: Հիմա նրանք դա նորացրել եւ ընդլայնել են: Բայց այստեղ հիմնական ուշագրավ գործոնն այն է, որ ռուսական կողմը բացահայտ խոստացել է աջակցել Հայաստանին եւ ձգտել է հիմնավորել դա»:

«Դրան զուգահեռ` մեզ զարմացնում է երկու հարց», - ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան` մանրամասնելով. - «Առաջին, միջազգային հանրությունը այդ առնչությամբ որեւէ կոնկրետ եւ հիմնավոր դիրքորոշում չի ցուցաբերել: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ասել է, որ դա երկու երկրների միջեւ համագործակցություն է: Մենք էլ ենք դա հասկանում եւ մտադիր չենք միջամտել երկու երկրների համագործակցությանը: Բայց այդ երկու երկրներից մեկը օկուպանտ Հայաստանն է. օկուպանտ պետությանը այսքան մեծ օգնություն ցուցաբերելը հակասում է միջազգային իրավական նորմերին եւ սկզբունքներին: Երկրորդ, ստանձնելով չեզոք կարգավիճակ` Ռուսաստանը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում մասնակցում է հակամարտության կարգավորման գործընթացին: Բայց այսպիսի հայտարարություններով եւ նման աջակցությամբ դժվար է լինել անաչառ միջնորդ: Այսինքն` այդ ամենը չի տեղավորվում մի շրջանակում»:

Արձագանքելով Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարություններին, որ եթե Լեռնային Ղարաբաղի դեմ սպառնալիքը վերաճի Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված անմիջական սպառնալիքի, ապա Ռուսաստանը կկատարի իր դաշնակցային եւ պայմանագրային պարտավորությունները, Նովրուզ Մամեդովը ասել է. - «Չեմ կարծում, որ Հայաստանի հետ Ռուսաստանի կողմից նման համաձայնագրի ստորագրումը եւ ռազմակայանի արդիականացումը սպառնալիք է պարունակում միայն Ադրբեջանի համար: Եթե հայկական կողմը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղը իրենն է, դա մեծ սխալ է, եթե Հայաստանը ցանկանում է Ռուսաստանն ընդգրկել Ղարաբաղում պատերազմական գործողություններում, դա երկրորդ մեծ սխալն է»:

«Հնարավոր է` Ադրբեջան Դմիտրի Մեդվեդեւի առաջիկա այցի ընթացքում ավելի հիմնավոր դիրքորոշում արտահայտվի այդ հարցի շուրջ: Որովհետեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են: Կարծում եմ, Ադրբեջանը Ռուսաստանի համար բազմաթիվ պետություններից ընդամենը մեկը չէ. Ադրբեջանը Հայաստանի համեմատ ռազմավարական չափանիշներով անհամեմատ ավելի կարեւոր երկիր է: Կարծում եմ, այդ ամենը եթե հստակեցվի, տրամաբանական բացատրություն կլինի այդ գործընթացներին», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG