Մատչելիության հղումներ

Ադրբեջանն ուսումնասիրում է Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի վերաբերյալ արձանագրությունը


Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանով
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանով

«Ադրբեջանը չի պատրաստվում անդամակցել ո՛չ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, ո՛չ ՆԱՏՕ-ին», - չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը:

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքերով, ռուսական կողմն ասել է, թե Ադրբեջանի համար բաց են ՀԱՊԿ-ի դռները, բայց Ադրբեջանը հրաժարվել է «ագրեսոր երկրի»՝ Հայաստանի հետ նույն կազմակերպությանն անդամակցել։

«Քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել իր զավթողական քաղաքականությունից եւ այդ քաղաքականությունը չի քողազերծվել ՀԱՊԿ-ում, Ադրբեջանը իմաստ չի տեսնում մասնակցել այդ կազմակերպության աշխատանքներին», - հայտարարել է Հասանովը:

Ադրբեջանը կներկայացնի իր տեսակետը


Ալի Հասանովը այսօր նաեւ հայտարարել է, թե Ադրբեջանն այժմ ուսումնասիրում է նախորդ շաբաթ Երեւանում կնքված հայ-ռուսական արձանագրությունը, որով փոփոխվել է Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը։

«Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ կնքված յուրաքանչյուր համաձայնագիր կամ պայմանագիր այդ երկրներին է վերաբերում, բայց տարածաշրջանում զենքի ծավալների հարցը միայն այդ երկու երկրների խնդիրը չէ: Այդ հարցը կարգավորվում է Եվրոպայում անվտանգության մասին ԵԱՀԿ-ի շրջանակային համաձայնագրով», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարարակական-քաղաքական բաժնի ղեկավարը՝ հավելելով, թե ադրբեջանի ռազմական մասնագետները ԵԱՀԿ-ի փորձագետների հետ ճշտում են, թե ինչքանով են ռուս-հայկական վերջին պայմանավորվածությունները համապատասխանում թույլատրված նորմերին:

«Ադրբեջանը այդ ուսումնասիրությունից հետո կներկայացնի իր պաշտոնական տեսակետը հայ-ռուսական համաձայնագրի վերաբերյալ», - նշել է Ալի Հասանովը։

Վերոհիշյալ արձանագրությամբ փոփոխություններ կատարվեցին Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995 թվականի մարտի 16-ի պայմանագրում, որի գործողության ժամկետ սահմանվեց 49 տարին` նախկին 25-ի փոխարեն: Ամրագրվեց նաեւ, որ ռուսաստանյան ռազմակայանը, բացի Ռուսաստանի շահերի պաշտպանությունից, նաեւ ապահովելու է Հայաստանի անվտանգությունը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը համաձայնագրի կնքումից հետո հայտարարել էր, թե պաշտոնական Բաքուն հույս ունի, որ Մոսկվան հավատարիմ կմնա իր ստանձնած պարտավորություններին եւ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի սպառազինություններն ու ռեսուրսները չեն օգտագործվի Ադրբեջանի դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG